ՊՆ մամուլի խոսնակ. Հակառակորդը մինչև սանձվելը հակահարված է ստացել

ՊՆ մամուլի խոսնակ. Հակառակորդը մինչև սանձվելը հակահարված է ստացել

PanARMENIAN.Net - Վերջին երկու օրերին` մարտի 26-ին և 27-ին, սահմանին իրավիճակը լարված է եղել, և հակառակորդը ստացել է արժանի հակահարված: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է Tert.am-ը:

Նա նշել է, որ հակառակորդն ակտիվություն է ցուցաբերել հատկապես Արցախի և Տավուշի ուղղությամբ՝ բոլոր հատվածներում: «Ադրբեջանի այս ակտիվությունը սպասելի էր, ինչի մասին արդեն հայտնել էինք»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հրադադարի պահպանման միջազգային կոչերին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ ինչպես միշտ Ադրբեջանն անարգեց այդ բոլոր կոչերը: «Հակառակորդին պատասխան եղել է այնքան ժամանակ, մինչև սանձվեն»,- ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը կիրառել է հիմնականում հրաձգային զենքեր և ականանետեր:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ մեխանիզմների անհրաժեշտություն է տեսնում Ադրբեջանին սաստելու համար` Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ ոչ մի այլ մեխանիզմ՝ բացի նրանից, ինչ արվում է: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք միջազգային կոչերն անարդյունավետ են, նա նկատել է, որ փորձը ցույց է տալիս, որ այո:

Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են իրենց կորուստների մասին: APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ մարտի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Ղազախի հատվածում, «հայկական կողմի սադրանքներին դիմակայելու ժամանակ» զոհվել է ադրբեջանցի սպա Հալիբ Զուլֆուհարլին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Haqqin.az-ը, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը, նշում է նաև Հաֆարալի Հաջիև զինվորի մահվան մասին։

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 20- 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց:

Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, հակառակորդի կողմից TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքների արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը:

Մարտի 27-ին ադրբեջանական զինուժը տարբեր զինատեսակներից կրակ է բացել Իջևանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի վրա: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը տեղեկացրել է, որ ժամը 18-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակել է Բերքաբերի բնակիչ Ռադիկ Քոչարյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վրա: Ավտոմեքենան վնասվել է: Ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի տների, տանիքների վրա:

Մարտի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կոչ էր արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Սբ Զատկին և Նովրուզ բայրամին ընդառաջ:

«Նովրուզ բայրամին և Սբ Զատկին ընդառաջ ես կոչ եմ անում երկու կողմերին խստորեն պահպանել հրդադարի ռեժմն ու ձեռնպահ մնալ գործողություններից շփման գծում կամ սահմանին, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել»,-ասվում է Կասպրշիկի հայտարարության մեջ, որը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում: Բացի այդ, Կասպրշիկը հայտնել է, որ դիտարկման ժամանակ տեղեկություններ է ստանում ընթացիկ իրավիճակի մասին երկու կողմերից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---