Նախագահ. ՀՀ-ն ցավ է զգում, երբ ՌԴ-ն զինում է Բաքվին, բայց ազդելու հնարավորությունը սահմանափակ է![]() 6 ապրիլի 2016 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ հանդիպել է Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ առանձնազրույցից հետո Սարգսյանը և Մերկելը պատասխանել են լրագրողների հարցերին: Անդրադառնալով ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցին՝ Սարգսյանը խոսել է, այդ թվում, ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին: «Մենք ցավ ենք զգում, երբ ոչ միայն Ռուսաստանը, այլև ՀԱՊԿ կառույցի անդամ որոշ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին, բայց բոլորդ էլ հասկանում եք, մեր կարողությունները սահմանափակ են՝ ազդելու որոշման վրա», - շեշտել է նախագահը: Նա նկատել է, որ Ադրբեջանն ունի ավելի լավ զինատեսակներ, բայց, ըստ նախագահի, ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ ամբողջովին: «Ուժն այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների ու, ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ. ամեն գնով պաշտպանել մեր հայրենիքը: Այս երեք օրվա իրավիճակը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, թե ադրբնեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, իսկ մենք ինչքան, թե ինչպես ենք տեղեկացնում հանրությանը կորուստների ու այլ տվյալների մասին», - ասել է Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ասել է, որ Ղարաբաղի ժողովուրդն ուզում է այն, ինչի համար միշտ պայքարել են գաղութացված մյուս ժողովուրդները: «Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ և երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ, նրանք այլ ցանկություն չունեն», - շեշտել է նա: Նախագահն անդրադարձել է նաև փախստականների հարցին՝ նշելով, որ դժվարանում է ԵՄ-ի քայլերին գնահատական տալ: «Իրավասու էլ չեմ, փախստականների ճգնաժամը մեզ համար ևս մեծ խնդիր է, քանի որ Սիրիայում ու Մերձավոր արևելքում հայկական համայնքներ կային, ու այս ընթացքում ՀՀ-ն ընդունել է 20.000-ից ավելի սիրիահայերի: Մեզ համար այդ խնդիրների լուծումը բարդ է», - ասել է նախագահը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |