ԱՄՆ-ն կամ ռազմական գործողություն է նախապատրաստում Իրանի դեմ, կամ վախեցնում է Թեհրանին

PanARMENIAN.Net - Ամերիկյան զորքերը կուտակվում են Պարսից ծոցի շուրջ, ինչն Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների հնարավորության մտավախություն է առաջացնում: Մեծ թվով ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ են տեղափոխվում Պարսից ծոցի ուղղությամբ: Տարածաշրջանում արդեն կան երկու ավիակիր խմբեր եւ ծովային հետեւակի դեսանտային նավեր: Քուվեյթ են առաքվում Patriot տիպի զենիթային հրթիռներ, հավանաբար, իրանական ավիացիայի դեմ պայքարելու համար, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը: Պենտագոնի ռազմական ծրագրման նախկին մասնագետ Սեմ Գարդների խոսքերով, ակնհայտ են զանգվածային ռազմական գործողության նախապատրաստման հատկանիշները: «ԱՄՆ-ն Իրանին հարված հասցնելու ուղու վրա է: Ռազմական դիրքերում են տեղակայվում դրա համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Սակայն, ես չեմ կարծում, թե հարվածի վերաբերյալ վերջնական որոշումն արդեն կայացված է: Մենք տեսնում ենք կամ նման որոշման նախապատրաստում, կամ դա արվում է իրանցիներին վախեցնելու համար»,-ասել է նա:



Վերլուծաբանները բացատրում են, որ այդպիսով Վաշինգտոնը փորձում է ստիպել Թեհրանին դադարեցնել միջամտությունը Իրաքում, որի պատճառով, ինչպես նա է համարում, այնտեղ ամերիկացի զինվորներ են զոհվում, եւ հրաժարվել ատոմային ռումբ ստեղծելու գաղափարից: Իրանը կտրականապես հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները, պնդելով, որ կապ չունի Իրաքի իրադարձությունների հետ եւ որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:



New Yorker շաբաթաթերթի թղթակից Սեյմուր Հերշը պնդում է իր հոդվածում, որ Պենտագոնում ստեղծվել է Իրանի վրա հնարավոր հարձակման համակարգող խումբ, ներառյալ օդային ռմբակոծությունները: Անանուն աղբյուրներից իր տեղեկությունների համաձայն, խմբին հանձնարարված է ապահովել հրամանատարի հրամանից հետո մեկ օրվա ընթացքում Իրանի տարածք ռեյդերի պատրաստվածությունը: Ս.Հերշը գրում է նաեւ այն խմբավորումների գաղտնի ֆինանսավորման մասին, որոնք կարող են հակակշիռ լինել Իրանի ազդեցությանը տարածաշրջանում: Իր հերթին վարչակազմի ներկայացուցիչը միանգամից հերքել է լրագրողական հետաքննության բոլոր արդյունքները: Սակայն Սենատի հետախուզման գծով կոմիտեի անդամ Կարլ Լեւինը պնդում է այդ առիթով լսումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքերով, հոդվածում առկա ենթադրություններն այն մասին, որ վարչակազմը տարբեր գաղտնի գործողություններ է ծրագրում Մերձավոր Արեւելքում, տեղյալ չպահելով Կոնգրեսին, չափազանց տագնապալի են:



Այնուամենայնիվ, շատ դիտորդներ ԱՄՆ-ում համոզված են, որ Իրաքում եւ Աֆղանստանում խրված ԱՄՆ բանակն ընդունակ չէ զուգահեռ ռազմական գործողություններ վարել նաեւ այլ երկրում եւ Իրանի դեմ պատերազմը չի կարող իրականություն դառնալ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---