Ադրբեջանական ԶՈւ-ն սադրանքի է դիմել Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում. ՊԲ-ն զոհ ունի![]() 17 մայիսի 2016 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան (Հադրութ) և արևելյան (Մարտունու) ուղղություններով: Հատկանշական է, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում իրադրության ապակայունացման և սադրիչ գործողությունների էր դիմում Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների ջանքերով կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների նախագահների հանդիպման ընթացքում, ինչի արդյունքում հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994-ի զինադադարի և 1995-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ընթերցեք նաև. Սարգսյան-Ալիև հանդիպումը․ Մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ կներդրվեն
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |