Գլխավոր շտաբի պետը հաստատել է, որ Հայաստանին չեն դիմել ԱՄՆ ՀՀՊ ռադարի տեղակայման հարցով

PanARMENIAN.Net - Հայաստանն առաջարկություն չի ստացել իր տարածքում ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրեր տեղակայելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: «Հազիվ թե նման համակարգ տեղակայվի Հայաստանի տարածքում, մեզ այդ հարցով ոչ ոք չի դիմել: Ես ինքս այդ մասին թերթերից եւ լրատվության այլ աղբյուրներից եմ իմացել»,-ասել է Հարությունյանը: Նրա խոսքերով, Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ չի ցանկանում, որ տարածաշրջանում սպառազինության աճ լինի: «Ինչ վերաբերում է նրան, թե որ երկրում են մտադիր այդ համակարգը տեղակայել, դա այդ պետությունների եւ ԱՄՆ գործն է, ես այստեղ իմաստ չեմ տեսնում»,-նշել է Հարությունյանը: Ըստ նրա, նոր համակարգ տեղակայելու փոխարեն, վատ չէր լինի, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվեին Ադրբեջանում տեղակայված ռադիոտեղորոշման կայանի հնարավորությունների համատեղ օգտագործման վերաբերյալ:



«Սակայն դա մեր գործը չէ: Մեր գործը մեր պաշտպանողականությունն ամրապնդելը, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ եվրոպական պետությունների հետ համագործակցելն է: Մենք այն կարծիքի ենք, որ փոքր պետություններին չափազանց բարդ կլիներ ինքնուրույն լուծել սեփական անվտանգության հարցերը»,-նշել է գլխավոր շտաբի պետը: «Մենք պետք է շատ մոտ հարաբերություններ ունենանք մեր անմիջական գործընկերների հետ, սակայն միաժամանակ չմոռանալով ԱՄՆ-ն, եվրոպական պետություներին եւ մեր հարեւաններին»,-պարզաբանել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
---