ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՌՆԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ, ԳՏՆՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը գտնվում է Եվրամիության շեմին, այդ պատճառով տարածաշրջանի տնտեսական եւ քաղաքական զարգացումը, ինչպես նաեւ նրա կայունությունը կարեւոր նշանակություն ունեն մեզ համար: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Քրիսթոֆեր Փաթթենը: Ընդ որում, նրա խոսքերով, կա նաեւ Կասպից ծովի էներգակիրների խնդիրը, որոնք ԵՄ-ն դասում է իր էներգետիկ պահանջների դիվերսիֆիկացման աղբյուրների շարքին: Միեւնույն ժամանակ, հանձնակատարը կարծիք է հայտնել, որ կասպիական նավթն ու գազն առիթ չեն հանդիսանա Հարավային Կովկասը մեծ տերությունների դիմակայության բեմահարթակ վերածելու համար: «Ակնհայտ է, որ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը եւ նույնիսկ ԱՄՆ-ը պետք է կարեւոր դեր խաղան տարածաշարջանում: Սակայն, իմ պատկերացմամբ, նրանք չեն մրցակցում միմյանց հետ, այլ աստիճանաբար համաձայնության են գալիս փոխշահավետ համագործակցության եւ Հարավային Կովկասին աջակցելու անհրաժեշտության վերաբերյալ», - ասել է նա: Այս համատեքստում, Քրիսթոֆեր Փաթթենի խոսքերով, շատ կարեւոր է, որպեսզի տարածաշրջանի երկրները զերծ մնան արտաքին ուժերին իրար դեմ լարելու գայթակղությունից եւ հաստատեն իրենց հավատարմությունը տարածաշրջանային համագործակցության գաղափարին:
 Ուշագրավ
---