Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը

Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

Հանդիպմանը քննարկվել են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները։

Կարևորվել է մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Մայիսի 31-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ տեղեկատվության, քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները` նախապատրաստվելու համար հունիսյան գագաթնաժողովին, որի նպատակն է «ղարաբաղյան կարգավորման գործում հնարավոր արագ առաջխաղացումը»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---