Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հերթական պարտությունն է կրել Axel Springer մեդիակոնցերնի ղեկավար Մատիաս Դյոպֆների դեմ դատավարությունում:
Քյոլնի բարձրագույն դատարանը հունիսի 21-ին մերժել է ստորին դատական ատյանի որոշման Էրդողանի բողոքարկումը: Դատական հայցը վերաբերում էր Դյոպֆների բաց նամակին, որով նա աջակցություն էր հայտնում գերմանացի հաղորդավար Յան Բյոմերմանին, որը ZDF հեռուստաալիքով քննադատել էր Թուրքիայի նախագահին, հայտնում է Deutsche Welle-ն:
Մարտի 31-ին երիտասարդական զվարճալի Neo Magazin Royale հաղորդման կեսգիշերային եթերում Բյոմերմանն ընթերցել է էրդողանի մասին «Վիրավորական քննադատություն» բանաստեղծությունը: Նա նշել է, որ ցանկանում է ցույց տալ թուրք նախագահին, թե որտեղ է եզրը թույլատրելի երգիծանկի և վիրավորական քննադատության միջև, որն արգելված է գերմանական օրենքներով: Թուրքիայի կառավարությունը պահանջեց քրեական գործ հարուցել հաղորդավարի դեմ:
Դատավորները Axel Springer-ի ղեկավարի խոսքերը գնահատել են որպես «սեփական կարծիքի թույլատրելի արտահայտում»:
Քյոլնի ատյանի դատավճիռը բողոքարկելու համար Էրդողանը կարող է դիմել սահմանադրական դատարան:
Բյոմերմանին հասցեագրած բաց նամակում գերմանացի հրատարակիչը խոստովանել էր, որ շատ է ծիծաղել` ընթերցելով նրա բանաստեղծությունը` հավելելով, որ «լիովին սատարում է ձևակերպումներին և բովանդակությանը»:
Ընթերցեք նաև. Սոցցանցերում ծաղրում են Էրդողանին Եվրո 2016-ում Թուրքիայի պարտությունից հետո