Նախագահ. ՀՀ-ում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու (վիդեո)

Նախագահ. ՀՀ-ում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու

PanARMENIAN.Net - Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու, երկրի ղեկավարությունն էլ երբեք դա թույլ չի տալու: Այդ մասին, անդրադառնալով զինյալների կողմից հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանն ու դրանից հետո երկրում ստեղծված իրավիճակին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուժայինների հետ խորհրդակցության ժամանակ: Դրան մասնակցել ենազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարներ: Երկրի ղեկավարին ներկայացվել են ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև իրականացվող միջոցառումների արդյունքները:

Նախագահին զեկուցվել է, որ ՊՊԾ տարածքում պահվող պատանդներին ազատ արձակելու, զինված խմբի անդամների կողմից զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու նպատակով շարունակաբար տարվում են ակտիվ բանակցություններ, ձեռնարկվում են իրավիճակից թելադրվող այլ անհրաժեշտ գործողություններ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ստեղված իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար պետք է ձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցները, կարևորել է ենթադրյալ բոլոր իրավախախտումների համակողմանի և անաչառ քննությունը, ինչպես նաև մեղավորների համար պատժի անխուսափելիության ապահովումը: Խորհրդակցության արդյունքներով իրավապահ մարմինների ղեկավարներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ:

«Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը մեկ անգամ ևս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու օրեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք:

Մեկ անգամ ևս ցավակցում եմ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին և հարազատներին: Բոլորս պարտք ունենք նրա առաջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս բարդ իրավիճակը կարգավորվի և նման ողբերգություն այլևս չկրկնվի:

Այս վիճակի ակունքում է մեր իրողության մեջ ամենավտանգավոր մտայնությունը՝ հարցերը լուծել բռնությամբ և ուժի կիրառմամբ: Այս մտայնության հետագա զարգացումը հղի է շատ վտանգավոր հետևանքներով հենց մեր երկրի և պետականության համար...

Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն:

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը: Պատանդները պետք է ազատ արձակվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը:

Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ: Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով:

Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի և չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար:

Հորդորում եմ մեր հանրության բոլոր ներկայացուցիչներին իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները իրացնել բացառապես խաղաղ և օրենքի շրջանակում: Հորդորում եմ նաև, որ տուրք չտան ծայրահեղ քայլեր և սադրանքներ հրահրող անձանց առաջարկներին և գաղափարներին: Դա հղի է նոր մարդկային կորուստների լուրջ վտանգով:

Հորդորում եմ, որ յուրաքանչյուր ոք գիտակցի այդ սադրանքներից և ծայրահեղ քայլերից բխող իրական վտանգները:

Հանձնարարում եմ ձեզ՝ իրավապահ մարմինների ղեկավարներիդ, որպեսզի ձեր գործունեությունը շարունակեք իրականացնել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում:

Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար:

Կրկին կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը:

Մենք գործում ենք և գործելու ենք համբերատար: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է մեզ համար:

Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով: Սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին հետքայլ կատարելու համար: Հուսով եմ, որ նրանք կսթափվեն:

Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա:

Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան կարող ենք մեզ թույլ տալ: Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին:

Մեկ անգամ ևս բոլորիս զգոնության և զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի»,- ասել է ՀՀ նախագահը խորհրդակցության ժամանակ:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Հուլիսի լույս 21-ի գիշերը բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել: Բախման հետևանքով տուժել է 51 անձ, 26-ը՝ ոստիկան: 136 մարդ բերման է ենթարկվել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---