Թուրքիայի զինուժը Քոբանիի խաղաղ ցուցարարների վրա է հարձակվել

Թուրքիայի զինուժը Քոբանիի խաղաղ ցուցարարների վրա է հարձակվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի (Այն ալ-Արաբ)քաղաքի բնակիչների և թուրքական զինված ուժերի միջև բախում է տեղի ունեցել:

Թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա, ովքեր բոյկոտել են սահմանին Թուրքիայի կողմից «անվտանգության պատի» կառուցումը, Ilerihaber-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Քոբանիի բնակիչները պնդել են, որ իբր անվտանգության նկատառումներով կառուցվող պատը իրականում կանգնեցվում է Սիրիայի տարածքում, ոչ թե սահմանին, այդպիսով թուրքական կողմը խախտում է սահմանը և մտնում սիրիական տարածք:

Թուրքիայի այս նախաձեռնությունը կանխելու համար բողոքի մասնակիցները օրեր առաջ վրան են խփել սահմանի մոտ և ամենօրյա հսկողություն են սահմանել:

Սեպտեմբերի 2-ին Թուրքիայի զինված ուժերը հարձակվել են ցուցարարների վրա՝ կիրառելով գազային ռումբեր և ջրցան մեքենաներ: Դեպքի վայր է ուղարկվել մեծ թվով թուրք զինվորներ և ոստիկանական ջոկատներ: Հարձակման հետևանքով վիրավորվելմոտ 80 ցուցարար,զոհվել է 17-ամյա պատանի, հայտնում է Deutche Welle-ն:

2015-ի հունիսին հայտնի է դարձել, որ Թուրքիան քննարկում է Սիրիայի տարածքում Հալեպ, Իդլիբ քաղաքների ու թուրքական սահմանի մոտ, ինչպես նաև` սահմանամերձ Այն ալ-Արաբ (Քոբանի), Ջարաբլուս շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու հնարավորությունը։

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ին մուտք են գործել Սիրիայի տարածք:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակի գործողությունը սիրիական Ջարաբլուսում ուղղված է ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---