The Washington Post. Ադրբեջանի արագ հետընթացն ավելի վճռական գործողություններ է պահանջում ԱՄՆ-ից

The Washington Post. Ադրբեջանի արագ հետընթացն ավելի վճռական գործողություններ է պահանջում ԱՄՆ-ից

PanARMENIAN.Net - Տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծես փորձում էր մեղմել իր երկրում ավտորիտար իշխանությունը: Մարտին նա ազատ արձակեց 14 քաղբանտարկյալի՝ Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն այցից առաջ: Անգամ թվում էր, թե հանդարտվել է ադրբեջանցի պաշտոնյաների և իշխանական լրատվամիջոցների հակաամերիկյան կոշտ հռետորաբանությունը: Այդ մասին գրում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Դևիդ Ջ. Քրամերը և Ադրբեջանում, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչը The Washington Post-ում, հայտնում է Tert.am-ը:

Հեղինակները նշում են, որ գագաթնաժողովից հետո, սակայն, Ալիևի վարչակարգն ուժեղացրեց ազատությունների նկատմամբ իր բռնաճնշումները: Ադրբեջանի արագ, վտանգավոր հետընթացն ավելի վճռական գործողություններ է պահանջում Միացյալ Նահանգներից, մինչդեռ Օբամայի վարչակազմը հիմնականում լռություն է պահպանում:

Բաքվի իշխանությունները տասնյակ ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալություններ են իրականացրել: Երկրի բանտերում մոտ 100 քաղբանտարկյալ է պահվում:

Նշվում է, որ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է երկրի օդանավակայանում. նրան թույլ չեն տվել դուրս գալ երկրից: Վերջերս ձերբակալվել է «Ազադլըգ» թերթի ֆինանսական տնօրեն և Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահի օգնական Ֆաիգ Ամիրլին: Օգոստոսին ձերբակալված ընդդիմադիր գործիչների թվում են REAL շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին և NIDA քաղաքացիական շարժման ակտիվիստ Էլգիզ Քահրամանը:

Իրավիճակը երկրում կարող է է՛լ ավելի վատթարանալ, գրում են հեղինակները: «Սեպտեմբերի 26-ին Ալիևը պատրաստվում է հանրաքվե անցկացնել, որի նպատակն իր իշխանությունն ամրապնդելն է: Հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են. կարելի է վստահ լինել, որ իշխանությունը կապահովի, որ փոփոխություններն ընդունվեն: Դա նշանակում է, որ Ալիևը կարող է երկարացնել իր իշխանության ժամկետը հինգից յոթ տարվա, ստեղծել փոխնախագահի նոր պաշտոններ (որոնց նա կարող է նշանակել իր ընտանիքի անդամներին) և նվազեցնել խորհրդարանի անդամների տարիքային շեմը՝ դուռ բացելով իր որդի Հեյդարի համար: Անակնկալ չի լինի, եթե արտահերթ ընտրություններ հրավիրվեն նոր Սահմանադրությամբ՝ այս ավտորիտար քայլերը վավերացնելու համար»,-ասվում է հոդվածում:

Հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ի շահերից չի բխում, եթե Ադրբեջանի աճող ավտորիտարիզմը վերածվի քաղաքական և սոցիալական ճգնաժամի:

Ավելին, Ադրբեջանը հետևում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեղեկատվական մարտավարությանը՝ Միացյալ Նահանգերը որպես երկրի թշնամի պատկերելով: Ալիևի աջակիցները վկայակոչում են Թուրքիայի տապալված հեղաշրջման փորձը և մեղադրում Միացյալ Նահանգներին ընդդիմադիր ուժերին աջակցելու համար՝ ոչ միայն սպասվող հանրաքվեն փչացնելու, այլև երկրում հեղաշրջում պատրաստելու համար:

Հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ն պատշաճ կերպով չի արձագանքում երկրի իշխանությունների իրականացրած բռնաճնշումներին: Նրանք գրում են, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել, որը կներառի մարդու իրավունքների ոտնահարման մեջ ներգրավված պաշտոնյաների ակտիվների սառեցում և վիզաների արգելք:

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն կարող է աջակցություն չտրամադրել ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի օգնությանն Ադրբեջանի դիմելու դեպքում՝ վատթարացող տնտեսական իրավիճակի պայմաններում, ինչպես նաև դադարեցնել Ադրբեջանի վարկավորումը: Միացյալ Նահանգները պետք է հետ կանչի դեսպանին՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի, ինչպես նաև ադրբեջանցի պաշտոնյաների և իշխանամետ ԶԼՄ-ների ուժգնացող հակաամերիկյան հռետորաբանության վերաբերյալ երկարատև խորհրդակցությունների համար:

ԱՄՆ-ն պետք է նաև հորդորի եվրոպացիներին դիմել նույն քայլերին: Այդ քայլերը պետք է իրականացվեն՝ մինչև չազատվեն բոլոր քաղբանտարկյալները և Ալիևի իշխանությունն ամրապնդող հանրաքվեն չչեղարկվի:

«ԱՄՆ-ի լռությունը, մինչ երկրում իրավիճակը վատթարանում է, մեզ կարող է Ադրբեջանում մարդու իրավունքների մոտալուտ աղետի հանցակից դարձնել»,- եզրափակում են հեղինակները:

Ընթերցեք նաև. Ադրբեջանում մտադիր են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---