«Համատեղ ձգտում-2007» ռազմական զորավարժությունների նպատակն ու խնդիրները կատարված են

PanARMENIAN.Net - «Համատեղ ձգտում-2007» ռազմական զորավարժությունների նպատակն ու խնդիրները կատարված են: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ՀՀ ԶՈՒ կապի եւ կառավարման ավտոմատ համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանը:



Նրա խոսքերով, զորավարժությունների ընթացքում հայ կապավորները Գերմանիայում արդեն հանձնել են 41, իսկ Հայաստանում` 14 ստուգարք: «Մենք համոզված ենք, որ մեր նվաճումները հավասարապես արդյունավետ կլինեն ինչպես Գերմանիայում, այնպես էլ Հայաստանում»,-ընդգծել է Բաբուրյանը:



Իր հերթին, ԱՄՆ 5-րդ ազդանշանային հրամանատարության պետ, բրիգադի գեներալ Դենիս Լ.Վայը նշել է, որ հայ զինծառայողները ի վիճակի են աշխատել բացառապես բարդ պայմաններում, եւ շատ հեշտ են ընտելանում նոր սարքավորումներին: «Հայ ռազմական կապավորները կարող են աշխատել այն մակարդակով, որը համապատասխանում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում-2007» ռազմական զորավարժությունների նորմերին»,-ասել է Դենիս Վայը:



Հորվաթիայի բանակի կապավորների բաժնի երկրորդ լեյտենանտ Դավոր Գադամակի խոսքերով, զորավարժություններն անցնում են բարձր մակարդակով: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա հայտարարել է. «Մենք զինված ենք կապի ամենաժամանակակից միջոցներով: Մեր աշխատանքը Գերմանիայում գտնվող կապավորների հետ անխափան կապ պաշտպանելն է, որտեղ անցնում են հիմնական զորավարժությունները: Մենք մշակում ենք միասնական ռազմավարական եւ մարտավարական համակարգերի կառավարման միասնական հմտություններ»:



Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունները զուգահեռաբար ընթանուրմ են Գերմանիայում եւ Հայաստանում: Հայաստանում ընթացող զորավարժություններին մասնակցում են 130 կապավորներ Հորվաթիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ ԱՄՆ-ից:
 Ուշագրավ
---