ՀՀ ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Իլհամ Ալիեւի ագրեսիվ հայտարարություններն անընդունելի են 7 մայիսի 2007 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Առանց փոխզիջումների ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը մշտապես խոսում է իր տարածքային ամբողջականության մասին: «Սակայն մենք էլ ասում ենք, որ եթե փոխադարձ զիջումներ չլինեն, ապա այդ հարցը չի լուծվի եւ նրանք չեն ստանա ոչ մի ուրիշ տարածք, որը գտնվում է ղարաբաղյան բանակի հսկողության տակ»,-ընդգծել է նախարարը: Հարությունյանը նշել է, որ, «եթե Ադրբեջանը ցանկանում է, որ լուծվեն Ղարաբաղի շուրջ մի քանի շրջանների խնդիրները, պետք է զիջումների գնա»: «Հայաստանը չի գնա դրան միակողմանի կարգով, եւ ադրբեջանական կողմը դա հիանալի հասկանում է»,-հավելել է նա: Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարն անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունները, քանի որ «նա բանակցում է կարգավորման շուրջ մեր նախագահի հետ»: Հարությունյանը նշել է նաեւ, որ «Ալիեւը երբեք այլ կերպ չի էլ խոսել, դա նրանց քարոզչության շարունակությունն է»: «Կարծում եմ, եթե նրանք պատրաստ լինեին, ապա վաղուց կսկսեին կատարել իրենց ագրեսիվ խնդիրները: Նրանք հիանալի գիտեն Ղարաբաղի եւ Հայաստանի Զինված ուժերի հնարավորությունները եւ այդ պատճառով չեն գործում, իսկ եթե սկսեն գործել, կստանան այն, ինչի արժանի են»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե «ընդհանուր պայմանավորվածություն կա փուլային ճանապարհով Ադրբեջանին յոթ գրավյալ տարածքները վերադարձնելու մասին, որին կհետեւի ադրբեջանցիների վերադարձը իրենց հողերը»: Ընդ որում նա պնդում է, որ այդ առաջարկները ընդունել են ինչպես Հայաստանը, այնպես էլ միջնորդները: Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը «կարող է քննարկվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ընդ որում Ադրբեջանը դեմ չէ այդ տարածքում խաղաղապահների տեղակայմանը, որը Հայաստանի նախաձեռնությունն է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |