IDeA հիմնադրամը $250.000 կհատկացնի սիրիահայերի խնդիրների լուծմանը![]() 15 հոկտեմբերի 2016 - 11:58 AMT PanARMENIAN.Net - IDeA հիմնադրամն կհատկացնի $250 000 սիրիահայերի խնդիրների լուծմանը: Այդ մասին ասվում է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի տարածած հայտարարության մեջ: IDeA հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի, Սփյուռքի և աշխարհի բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք ակտիվորեն արձագանքել են կազմակերպության կոչին: Հիմնադրամի ավելի վաղ տարածված կոչում ասվում էր, որ հետևելով Սիրիայում` մասնավորապես Հալեպում, շարունակվող բռնությանը` կազմակերպությունը պարտավորություն է զգում ֆինանսական աջակցություն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: Նշվում է, որ Սիրիայի հակամարտությունը երկար է տևում, այդ երկրում բնակվող հայերի խնդիրների լուծումը բարդանում է տարբեր դիրքորոշումների և շահերի պատճառով, սակայն հիմնադրամը հայրենակիցների կյանքերի փրկությունը համարում է բացարձակ առաջնահերթություն: «Միևնույն ժամանակ, մենք հարգում ենք ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու սիրիահայերի իրավունքը»,-ասվում է հայտարարության մեջ: Ի լրումն այն ջանքերի, որոնք ձեռնարկվում են պետական, հանրային և միջազգային մակարդակներում, IDeA հիմնադրամն այս փուլում կհատկացնի $ 250.000, որոնք կբաշխվեն հակամարտության ամենասկզբից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր Հայ ընդհանուր բարեգործական միության (ՀԲԸՄ) և Հայաստանում սիրիահայերին աջակցության ծրագրեր իրագործող RepatArmenia, Mission Armenia, «Հալեպ» կազմակերպությունների միջև` հետևյալ ուղղություններով ծրագրերի մշակման և իրագործման համար. - աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ); - աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia); - աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալեպ»); - աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»): Միջոցները բաշխվելու են յուրաքանչյուր ծրագրի ծավալի և յուրահատկության համապատասխան: Բոլոր ցանկացող անհատներն ու կազմակերպությունները կարող են միանալ այս նախաձեռնությանը, վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ նվիրատվության, կամ էլ IDeA-ի հատուկ հաշվեհամարների միջոցով: Անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ-ին, Mission Armenia, «Հալեպ» և Repat Armenia կազմակերպություններին կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով կարող են իրենց առաջարկներն ուղղել sai@idea.am էլ. փոստով կամ or +374 (0) 60 700801 հեռախոսահամարով: «Գիտակցելով Մերձավոր Արևելքում հայկական համայնքների պահպանման կարևորությունը, մենք լիահույս ենք, որ մեր կողմից առաջարկված կոնսոլիդացման մեխանիզմը կօգնի ապահովել սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունը և նրանց ինքնության պահպանումը` անկախ հետագա բնակության վայրից»,-ասվում է հայտարարության մեջ: 2016-ի 10 ամսիների ընթացքում Հայաստան է տեղափոխվել 428 սիրիահայ (մոտ 100 ընտանիք): Սիրիական իշխանությունների պաշտոնական տվյալներով, այս պահին Հալեպում 8-10 հազար հայ կա: ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի 5 տարվա ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250 հազարից կրճատվել է մինչև 22-30 հազարի: Այս տարիներին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 20 հազար հայ, որոնցից 17 հազարը մնացել է այստեղ, իսկ 13 հազարը դարձել է ՀՀ քաղաքացի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |