Քոչարյան. Համբուրգում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը դեռ հստակ չէ

Քոչարյան. Համբուրգում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը դեռ հստակ չէ

PanARMENIAN.Net - Դեկտեմեբրի 8-9-ը Համբուրգում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռևս հստակություն չկա: Այս մասին նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով.

«Այդ առումով դեռևս հստակություն չկա»,- մեջբերում է Aysor.am-ը:

Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը կկայանա ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստը:Ավելի վաղ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ևս նշել էր, որ Համբուրգում հանդիպումների ձևաչափը հստակեցված չէ ու Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ հստակություն չկա:

Քոչարյանը նշել է, որ անհնար է առաջընթաց ակնկալել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիքը.

«Հայկական կողմերը երբեք չեն խուսափել հանդիպումներից: Միակ ակնկալիքը եղել է, որ այդ հանդիպումները պետք է լինեն արդյունավետ, իսկ արդյունավետության մասին մենք կարող ենք դատել այն տեսանկյունից, որ առ այսօր բանակցային գործընթացում առաջընթաց չկա»,- ասել է նա` ընդգծելով, որ ներկա փուլում անհնարին է սպասել առաջընթաց, քանի չեն իրականացվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված համաձայնությունները:

«Անհնարին է առաջընթաց ակնկալել բուն բանակցային գործընթացում, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիքը, քանի դեռ կողմերի միջև չկա վստահություն, քանի դեռ կրակում ու սադրանքներ են իրականացնում առաջնագծում»,- շեշտել է փոխարտգործնախարարը:

Նա նաև հիշեցրել է, որ Վիեննայում բարձրացված հետաքննության մեխանիզմների անհրաժեշտությունը նորություն չէ.

«Ավելին, դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է, որովհետև սկսած 1995-ի համաձայնագրից, կրկին եռակողմ` ԼՂ, Ադրբեջան, Հայաստան, այդ մեխանիզմի մասին խոսվում էր, որովհետև ակնհայտ է` ցանկացած զինադադար, որպեսզի պահպանվի, իր մեջ պետք է պարունակի այդ տարրը»:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Կարդացեք նաև՝Նալբանդյան. Բաքուն հայտարարում է բանակցությունների շարունակման մասին, բայց չի կատարում պայմանավորվածությունները

 Ուշագրավ
---