Հայ խաղաղապահները դեռեւս չեն պատրաստվում մեկնել Աֆղանստան

PanARMENIAN.Net - Իրաքում եւ Կոսովոյում ՀՀ խաղաղապահ գումարտակների կազմի ավելացման մասին որոշում դեռեւս չի կայացվել: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, չկա նաեւ որոշում հայ սպաներին եւ բժիշկներին խաղաղապահ առաքելությամբ Աֆղանստան գործուղելու մասին: Ինչ վերաբերում է Իրաքում վիրավորված սպային, ապա, ըստ գեներալ-գնդապետի, նրա առողջական վիճակը գնահատվում է լավ եւ նա շուտով կվերադառնա Հայաստան:



Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հայ սպաները եւ բժիշկները խաղաղապահ առաքելությամբ կմեկնեն Աֆղանստան: «Խոսքը գնում է շտաբի մեկ-երկու սպաների եւ բժիշկների մասին: Եվ քանի որ դա մեզ համար ռազմական գործողությունների նոր ասպարեզ է, մեր աջակցությունը հումանիտար կլինի: Գլխավորը համաձայնությունն է գործընկերների հետ եւ փաստաթղթերի ապահովումը»,-ասել է Մելքոնյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ ըստ ՀՀ Սահմանադրության խաղաղապահների գործուղումը պահանջում է համաձայնագրի կնքում, հաստատում Սահմանադրական դատարանում եւ խորհրդարանում:
 Ուշագրավ
---