Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին Երևանում և մարզերում 7 ֆիլմ կցուցադրվի![]() 15 փետրվարի 2017 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական խորհուրդը և Բրիտանիայի դեսպանատունը Երևանում հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ ժամը 16.30-ին, Մոսկվա կինոթատրոնում։ Փառատոնի բացումը կմեկնարկի «Ես` Դենիել Բլեյք» ֆիլմով, որի ռեժիսորն է եվրոպական կինոյի դասականներից Քեն Լոուչը: Նա այս ֆիլմի համար երկրորդ անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին: «Այս տարի Բրիտանական խորհուրդը նշում է իր գործունեության 15-րդ տարին: Բրիտանական ֆիլմերի փառատոնը մենք կազմակերպել ենք մեր գործունեության առաջին իսկ տարուց: Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է Բրիտանական խորհրդի այցեքարտը: Այս տարի ևս ֆիլմերի ընտրության մոտեցել ենք ամենայն պատասխանատվությամբ` հայ հանդիսատեսին ներկայացնելով բրիտանական ժամանակակից լավագույն կինոն»,- ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: «Այս տարվա ծրագիրը ներառում է ֆիլմեր, որոնք դիտարկում են մարդու իրավունքների տարբեր ասպեկտները: Մենք որոշել ենք ֆինանսավորել այս թեմայի խթանումը, քանի որ մարդու իրավունքների խթանումը գերակայություն է բրիտանական կառավարության համար: Ֆիլմերը գերազանց միջոց են դրա համար, քանի որ դրանք կարող են օգնել, որ մենք աշխարհին նայենք այլ տեսանկյուններից, ուրիշների աչքերով»,- նշել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։ Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 18-ից 24-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր չորս անգամ։ Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։ Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր` նվիրված մարդու իրավունքների թեմային: Այս տարի փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվեն BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին և երեք ֆիլմ, որոնք բարձրաձայնում ենք մարդու իրավունքների թեման: Ֆիլմերից հետո կկազմակերպվեն քննարկումներ: Փառատոնի հյուրերն են Քերոլայն Պիրեսը` Nerdero ընկերության տնօրենը, և Սառա Մոսսեսը` Together Films ընկերության տնօրենը: Քերոլայն Պիրեսը դասընթացներ կանցկացնի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների համար փետրվարի 20-ից 24-ը, իսկ Սառա Մոսսեսը դասընթացներ կանցկացնի համալսարանի ուսանողների համար փետրվարի 20-ին և 21-ին: Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |