ՀՀ նախագահ. Ադրբեջանի բոլոր հնարավոր սադրանքներն արժանի հակահարված կստանան![]() 18 փետրվարի 2017 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և խոցելի` հակառակորդը միգուցե փորձի նաև նոր սադրանքների դիմել: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 11-րդ համագումարում: Նա ասել է, որ հսկայական գումարներ քամուն տալու ճանապարհով դատարկ ու մեկշաբաթանոց կյանք ունեցող «փիառ» ակցիաների սիրահար պաշտոնական Բաքուն վերջերս Արցախի հարցը կոչեց Ադրբեջանի «ներքին» խնդիր: «Ցավոք, մարդկանց հիշողությունը կարճ է: Որևէ իրավական ու բարոյական հիմք չունեցող հենց այդ մտածողությունը ժամանակին հանգեցրեց հակամարտության սրմանը և պատերազմին՝ բերելով բազմաթիվ անտեղի զոհեր ու տառապանքներ հենց, առաջին հերթին, Ադրբեջանի ժողովրդի համար: Ձեզանից շատերը հիշում են, թե 90-ական թվականների սկզբներին, երբ շաբաթը մեկ Ադրբեջանում պաշտպանության նախարար էր փոխվում, նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունն էր համարում ելույթ ունենալ և ասել, որ մեկ շաբաթ հետո, մի քանի օր հետո ինքը Ստեփանակերտում թեյ է խմելու: Բայց, ինչպես պատմությունը ցույց տվեց՝ ձեր և մեր ժողովրդի այլ հերոս զավակների ջանքերով այնպես ստացվեց, որ նրանք ոչ միայն Ստեփանակերտում թեյ չխմեցին, այլ զրկվեցին Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթլիում, Քարվաճառում և այլ վայրերում թեյ խմելուց:Մենք, անկեղծ եմ ասում, Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, սակայն և ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր ժողովրդի տառապանքը»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը հավելել է, որ Արցախի խնդիրը հայ ժողովրդի գործն է, հայության դատն է. ինչպես որ Արցախի ժողովուրդը որոշի, հենց այդպես էլ կլինի Արցախի ապագան: «Իսկ մենք բոլորս՝ ինչպես այստեղ ներկաները, այնպես էլ այս դահլիճից դուրս գտնվողները, սարի պես կանգնած ենք Արցախի մեր քույրերի և եղբայրների թիկունքին: Ես իմ պարտքն եմ համարում համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու: Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունն ապագա չունի և չի կարող ունենալ: Ասվածի ապացույցը անցած տասնամյակների փորձն է: Մենք ելնում ենք ուժերի իրական հավասարակշռությունից: Մենք փոխում ենք իրականությունը՝ մեր երկիրը դարձնելով ավելի ազատ և ավելի ժողովրդավարական, քանի որ համոզված ենք, որ այդ փոփոխությունների արդյունքում ունենալու ենք ավելի արդյունավետ կառավարում: Ավելի արդյունավետ կառավարումն իր հերթին մեզ դարձնելու է ավելի մրցունակ և ավելի պաշտպանունակ»,-ասել է նախագահը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Խոսքի ավարտին Սերժ Սարգսյանը կոչ է արել երկրապահներին շարունակել վառոդը չոր պահել, քանի որ պայքարը դեռ շարունակվում է: Համագումարում ՀՀ նախագահը հայտարարել է նաև, որ Հանրապետական կուսակցությունը գալիք ընտրություններին ներկայանալու է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի ամբիոններից, աշխարհի առաջատար լրատվականների եթերներից, բոլոր հնարավոր և անհնար հարթակներից տեղ հասցնել Հայաստանի Հանրապետության ձայնը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |