ՌԴ հետախուզության նախկին ղեկավար. ԼՂ-ում պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը նոր տարածքներ կկորցնի

ՌԴ հետախուզության նախկին ղեկավար. ԼՂ-ում պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը նոր տարածքներ կկորցնի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով, նոր պատերազմի միջոցով լուծելու ձգտումը ոչ մի արդյունք չի տա, դա էլ ավելի կբարդացնի խնդիրը, իսկ Ադրբեջանը կարող է նոր տարածքներ կորցնել: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար, ՌԴ ԱԳ նախարարի նախկին առաջին տեղակալ, 1990-ականների վերջում, 2000-ակնների սկզբին ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Վյալչեսլավ Տրուբնիկովն ադրբեջանական Haqqin.az-ին տված հարցազրույցում:

Վյալչեսլավ Տրուբնիկովը տարիներ շարունակ մասնակցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթնացող բանակցություններին:

Ռուս դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանն իր կողմից կանի ամեն հնարավորը, որպեսզի ռազմական գործողությունները չվերսկսվեն ոչ մի հանգամանքներում: «Ի վերջո, դա նաև ՌԴ ազգային անվտանգության հարց է, մենք թույլ չենք տա, որ հակամարտությունը վերսկսվի: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռուսաստանը կարգավորման ուղիներ կորոնի», -ասել է նա:

Տրուբնիկովն ասել է նաև, որ կողմերից մեկի վրա ճնշում գործադրելն արդյունք չի տա: «Հայկական կողմը հիմա ավելի շատ առավելություններ ունի, քան Ադրբեջանը՝ ԼՂ հարակից տարածքները, Լեռնային Ղարաբաղը: Կարծում եք, այդքան առավելություն ունենալով Հայաստանը հեշտությա՞մբ կհամաձյնվի խնդրի լուծմանը: Հայաստանն առավելագույնս կօգտագործի իր հաղթաթղթերը բանակցային գործընթացում, իսկ եթե նրա հանդեպ ճնշում գործադրվի, դա հակառակ արդյունքը կտա: Ուստի հարկավոր է համբերատար համոզել կողմերին խնդրի խաղաղ լուծում գտնել», -ասել է դիվանագետը:

Անդրադռանալով բանակցային գործընթացին՝ Տրուբնիկովն ասել է, որ տարիների ընթացքում տարբեր տարբերակներ են քննարկվել, սակայն հայկական կողմը միշտ հայտարարել է, որ «հենց այնպես ոչ մի տարածք վերադարձնել մտադիր չէ»: «Հայերը միշտ շատ կոշտ դիրքորոշում են ունեցել այդ հարցում, իսկ Ադրբեջանը երբեք չի համաձայնել Լեռնային Ղարաբաղին ինքնուրույն կարգավիճակ տալուն՝ այս է պատճառը, որ բանակցությունները փակուղի են մտել»:

Ռուս դիվանագետն անդրադարձել է նաև փախստակնների խնդրին՝ հիշեցնելով, որ ադրբեջանցի փախստականներից բացի կա Բաքվից, Սումգայիթից հայ փախստականների խնդիրը, «որոնք վտարվել են իրենց տներից ադրբեջանական հողերի գրավումից շատ առաջ»: «Ուստի փախստականների հարցը համալիր լուծում է պահանջում, առանց կողմերի շահերը ոտնահարելու»,-ասել է Տրուբնիկովը:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մարտի 6-ին իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հեռու են համաձայնությունից ԼՂ հիմնախնդրի առանցքային հարցերում: «Մենք հուսով ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվող հակամարտություն է: Այդ են վկայում բազմամյա շփումները, որոնց արդյունքում հաջողվել է կարգավորման ենթակա առանցքային հարցերի ընդհանուր ընկալում մշակել: Դրանք և անվտանգության հարցերն են, առաջին հերթին, հումանիտար հարցերն են, այն շրջանները վերադարձնելու հարցերն են, որոնք հարում են Լեռնային Ղարաբաղին և այժմ չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից: Դա նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է՝ անկասկած, այնտեղ ապրող մարդկանց հաշվի առնելով: Դա նաև միջազգային խաղաղապահ ուժերի պարամետրերի համաձայնեցումն է»,-ասել է Լավրովը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---