Հայաստանի տնտեսությունը հաղթահարել է անցումային շրջանը եւ մտել է կայուն զարգացման փուլ

PanARMENIAN.Net - «Այսօր մենք կարող ենք վստահաբար խոսել այն մասին, որ մեր երկրի տնտեսությունը հաղթահարել է անցումային շրջանը եւ մտել է կայուն զարգացման փուլ»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով Բրյուսելում ընթացող գործարար համաժողովում: Նրա խոսքերով, ըստ նախնական տվյալների, հանրապետության բանկային համակարգի աճը 2007 թվականին կկազմի շուրջ 70 տոկոս:



Ռոբերտ Քոչարյանը նկատել է, որ վերջին 3-4 տարիներին Հայաստանի բանկային համակարգի աճի ծավալները գերազանցում են ՀՆԱ աճի տեմպերը մոտ երկու անգամ: Նա նաեւ հիշեցրել է, որ միանգամից մի քանի խոշոր եվրոպական բանկեր մատդիր են աշխատանք սկսել հայկական շուկայում: «Առաջիկայում կավարտվի շվեդական OMX Group-ի կողմից Հայկական ֆոնդային բորսայի ձեռք բերման գործարքը»,-ընդգծել է Քոչարյանը:



Նախագահը հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ հայկական շուկայում կսկսեն աշխատել գերմանական եւ ֆրանսիական ապահովագրական ընկերությունները:



«Վերջին ժամանակներս մենք մաքրեցինք ապահովագրական դաշտը օրենսդրության խստացման ճանապարհով, որպեսզի շուկայում մնան այն ընկերությունները, որոնք իրոք մասնագիտանում են ապահովագրական դաշտում: Ապահովագրական դաշտի արդիականացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները գործնականում ավարտված են»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:



Անդրադառնալով Հայաստանում 2008 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին` ՀՀ նախագահը համոզվածություն է հայտնել, որ ընտրությունները «կանցնեն վստահության եւ կայունության մթնոլորտում»: Ռ.Քոչարյանը հիշեցրել է, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները ճանաչվեցին համապատասխանող միջազգային չափանիշներին: Հայաստանի նախագահի խոսքերով, այդ ընտրություններում «ընտրողները վստահություն հայտնեցին կառավարության քաղաքականությանը եւ մերժեցին ծայրահեղական քաղաքական ուժերի Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունքը», հաղորդում է «Մեդիամաքսը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---