Ռուսաստանում կրճատվել է հայերի հանդեպ կատարվող հանցագործությունների քանակը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կրճատվել է հայերի հանդեպ կատարվող հանցագործությունների քանակը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, 2007 թ. 9 ամիսներին 2006 թվականի համեմատությամբ հանցագործությունների թիվը կրճատվել է 2,5 անգամ: «Հանցավորության հետ խնդիրներ կային նաեւ Մոսկվայում, Կրասնոդարի մարզում եւ այլ մարզերում: Սակայն ՀՀԿ-ի տարածաշրջանային ղեկավարները կարողացան կապեր հաստատել տեղի իշխանությունների, նահանգապետների, իրավապահ մարմինների հետ եւ այժմ համատեղ աշխատանք են տանում»,-նշել է Աբրահամյանը:



Նա նաեւ հաղորդել է, որ նամակ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որտեղ ասվում է փրկագին ստանալու նպատակով հայերի առեւանգման դեպքերի մասին: «Մենք չցանկացանք այդ հարցը բարձրացնել Ռուսաստանում, քանի որ այն շատ աղմուկ կբարձրացներ, եւ փորձեցինք լուծել այն ներքին կարգով: Առեւանգումները կրում էին կանոնավոր բնույթ, ամսեկան առեւանգում էին 2-3 հոգու, սակայն վերջին երկու ամիսներին նման դեպքեր չեն եղել»,-ասել է Աբրահամյանը:
 Ուշագրավ
---