Ենթադրություններն այն մասին, որ Ահմադինեժադի մեկնումը կապված է Սերժ Սարգսյանի այցելության հետ ԱՄՆ, «մազոխիստական են եւ հիմար»

PanARMENIAN.Net - Երբեմն երկրում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ նախագահի ներկայությունը պարզապես անհրաժեշտ է, հնարավոր է, ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցելության օրակարգը հենց այդ պատճառով է փոխվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը:



Նրա խոսքերով, ենթադրություններն այն մասին, որ Ահմադինեժադը մեկնել է Հայաստանից, քանի որ չէր ցանկանում այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, տրամաբանությունից զուրկ են: «Երեկ ուսանողների հետ հանդիպմանը ԻԻՀ նախագահը հստակ ներկայացրել է իր տեսակետը այդ հարցով»,- նկատել է խոսնակը: Նույն հաջողությամբ, հայտարարել է նա, կարելի է ասել, որ Մահմուդ Ահմադինեժադը չի հարգում իսլամը, քանի որ շտապ մեկնման պատճառով չայցելեց Երեւանի Երկնագույն մզկիթը: «Մազոխիստական եւ հիմար է» համարում Թորոսյանը նաեւ լրագրողների այն ենթադրությունները, որ Իրանի նախագահի մեկնումը կապված է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի այցելության հետ ԱՄՆ:



Մեկնաբանելով հարցն այն մասին` արդյոք կայանալու է խոսնակի ծրագրված այցելությունն Իրան, նա հիշեցրել է, որ, լինելով Հայաստանում, Իրանի խորհրդարանի ղեկավարը նրան հրավիրել է այցելել Թեհրան մինչեւ այս տարվա վերջ, եւ հրավերն ընդունվել է, հաղորդում է Regnum-ը:



Նշենք, որ այսօր Հռոմում անցնում է Եվրամիության եւ Իրանի բանակցությունների նոր փուլը` միջուկային խնդրի շուրջ: Հանդիպումը հատկանշական է նրանով, որ իրանական պատվիրակությունը ղեկավարում է ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սաիդ Ջալիլին` նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մտերիմ զինակիցը, ով այդ պաշտոնում փոխարինել է Ալի Լարիջանիին: Լարիջանին հրաժարական է տվել Հռոմ մեկնելուց մի քանի օր առաջ: Ջալիլիի նշանակմամբ մի շարք վերլուծաբաններ ենթադրում են Թեհրանի դիրքորշման խստացում միջուկային հարցով:



Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դադարեցրել է իր պաշտոնական այցելությունը Հայաստան եւ մեկնել է հայրենիք: Ոչ պաշտոնական աղբյուրները ծրագրի փոփոխության պատճառ են անվանում Իրանում ծագած անսպասելի հանգամանքները: Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Մահմուդ Ահմադինեժադը ծրագրում էր այցելել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ապա Երեւանի Երկնագույն մզկիթ: Իրանի նախագահը նաեւ պետք է ելույթ ունենար ՀՀ Ազգային ժողովի առջեւ: «Այսօրվա ծրագիրը չեղյալ է հայտարարվել, իսկ Իրանի նախագահը մեկնել է Թեհրան»,- նշել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում:
 Ուշագրավ
---