Սերժ Սարգսյանն ու Քոնդոլիզա Ռայսը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Այցով ԱՄՆ-նում գտնվող Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել է հարցերի լայն շրջանակ: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների ընթացքին` վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ իշխանությունների շարունակական ջանքերն այդ ուղղությամբ: Նա մասնավորապես նշել է, որ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանում լավ հիմքեր են ստեղծվել շարունակելու ընտրական գործընթացների կատարելագործման նախաձեռնությունները: Քոնդոլիզա Ռայսը ԱՄՆ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հարկ եղած դեպքում աջակցել Հայաստանին` լուծելու 2008թ. նախագահական ընտրությունների կազմակերպման ընթացքում առաջացող տեխնիկական խնդիրները: Կողմերը քննարկել են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա ընթացքը, արձանագրել են այդ գործընթացի հնարավորին արագացման կարեւորությունը: Վարչապետ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի աճող ռազմատենչ հայտարարություններն ամենեւին էլ չեն նպաստում գործընթացին: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մյուս հարեւանների հետ Հայաստանի հարաբերություններին, անվտանգության եւ էներգետիկ խնդիրներին, Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ առաքելություններում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---