Գործադիրը պատրաստ է սուբսիդավորել արտադրությունների ընդլայնման կոմերցիոն վարկերը![]() 13 ապրիլի 2017 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, արտադրությունների ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետ Կարապետյանը նշել է, որ թեթև արդյունաբերության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ այն միտված է ոչ միայն արտահանմանը, այլ նաև ունի զարգացման ու համեմատաբար արագ աշխատատեղեր ստեղծելու մեծ պոտենցիալ: «Կառավարությունը պատրաստ է խրախուսել տեղական արտադրողին և սուբսիդավորել այն կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսը, որոնք միտված են արտադրությունների ընդլայնմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Կարապետյանը: Այդ համատեքստում, ձեռնարկությունների ներկայացուցիչները ներկայացրել են գործունեությունն ընդլայնելուն ուղղված կոնկրետ ներդրումային նախաձեռնություններ, որոնց արդյունքում հանրապետությունում նախատեսվում է ստեղծել մի քանի հազար նոր աշխատատեղ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ կարճ ժամանակում առարկայական քննարկել բոլոր նախաձեռնությունները և շարժվել առաջ: Անդրադառնալով հարկային ու մաքսային վարչարարության հետ կապված հարցերին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մեր խնդիրն է բիզնեսի համար ապահովել հավասար մրցակցային դաշտ: Այսօր չկա մեկը, որը գտնվում է արտոնյալ պայմաններում»: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԱԱՀ-ի վերադարձի ժամանակահատվածին, ընկերությունների կողմից ներմուծվող հումքի մաքսազերծման պայմաններին, ոլորտի մասնագետների ուսուցմանը, վերապատրաստմանը և այլ հարցերի: Վարչապետը հանձնարարել է ներկայցված հարցերը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քննարկելուց հետո առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ ստեղծելու հնարավորություն կա: Կառավարության ղեկավարը հատկապես կարևորել է թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված հստակ ծրագրերի նախաձեռնումը՝ հանձնարարելով վերլուծություն ներկայացնել այս ոլորտում հնարավոր աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ծավալի վերաբերյալ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |