Դորտմունդի պայթյունի գործում նոր խոստովանական նամակ է հայտնվել

Դորտմունդի պայթյունի գործում նոր խոստովանական նամակ է հայտնվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Դորտմունդում «Բորուսիա» ֆուտբոլային թիմի ավտոբուսի մոտ պայթյունի գործում հայտնվել է 3-րդ խոստովանական նամակը: Ծայրահեղ աջակողմյան ուղղվածությամբ նամակը ստացել է Բեռլինում լույս տեսնող Tagesspiegel-ը: Գերմանիայի դաշնային դատախազությունը ստուգում է նամակի իսկությունը:

Ըստ թերթի, նամակի անհայտ հեղինակը դեմ է արտահայտվում բազմամշակութային քաղաքականությանը, որը վարում է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, գրում է Deutsche Welle-ն:

Բացի այդ, ուղերձում, իբր ասվում է, որ ապրիլի 22-ին «գունեղ արյուն է թափվելու»: Հատուկ ծառայությունները կարծում են, որ սպառնալիքը հասցեագրված է ձախակողմյանների ցույցին, որը նախանշված է այդ օրը Քյոլնում որպես բողոքի նշան պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համագումարից հետո:

Թերթը մեջբերում է հատուկ ծառայությունների ներկայացուցչին, ըստ որի, հարկ է լուրջ մոտենալ այս տեղեկությանը, քանի որ «Դորտմունդի հանցագործի հետքին դեռ դուրս չեն եկել»:

Ինչպես կարծում են գերատեսչությունում, նամակը կարող է և կապ չունենալ Դորտմունդի պայթյունի հետ: Կասկածելի է այն փաստը, որ հանցագործը նախապես հայտարարում է նոր հարձակման վայրի մասին:

Պայթյունները գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ: 3 պայթուցիկ սարք է գործի դրվել: Իրավապահները հայտարարել են ֆուտբոլիստների դեմ ուղղված թիրախային գրոհի մասին: Խաղը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը: Պայթյունների վայրում խոստովանական գրություն է հայտնաբերվել, որը սկսվում է «Հանուն Ալլահի, ողորմած և գթասիրտ» բառերով: Գրության մեջ հիշատակվում է 2016-ի դեկտեմբերին Բեռլինի Սուրբ ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունը, ասվում է, որ գերմանական Tornado ինքնաթիռները մասնակցում են մահմեդականների սպանությանն այսպես կոչված «Իսլամական պետության» խալիֆայությունում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---