Թուրքիան ԱՄՆ-ի նյարդերի հետ էր խաղում եւ 106-րդ բանաձեւի քվեարկության ժամկետի հետաձգում կարելի էր ակնկալել

PanARMENIAN.Net - Կարելի էր ենթադրել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկության ժամկետը կհետաձգվի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Թուրքիան ԱՄՆ-ի նյարդերի հետ էր խաղում եւ 106-րդ բանաձեւի քվեարկության ժամկետի հետաձգում կարելի էր ակնկալել: «Իրականում, այս ողջ պատմությունն իր առանձնահատկությունն ունի` ոչ ոք ոչ մի հայտարարության մեջ չի ժխտել, որ 1,5 մլն հայերի կոտորածը Ցեղասպանություն էր: Այս դեպքում իր դերը կատարեց քաղաքական նպատակահարմարությունը, սակայն փաստացի Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց»,-ընդգծել է Իսկանդարյանը:



ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը եւ Աննա Էշոն նամակ են հղել Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, առաջակելով հետաձգել բանաձեւի քվեարկությունն` այն մտավախությամբ, որ այն հավանության չի արժանանա:



Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը հոկտեմբերի 10-ին ընդունվեց Պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին:
 Ուշագրավ
---