Եվրահանձնաժողովն ապրիլի 18-ին առաջին համաձայնագիրն է կնքել Իրանի հետ միջուկային անվտանգության ոլորտում համատեղ աշխատանքի մասին: Նախագծի շրջանակում տեխնիկատնտեսական հաշվարկներ կարվեն Իրանի Միջուկային անվտանգության կենտրոնի համար, որի ստեղծումը նախատեսվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով: Նախագծի իրականացման համար հատկացվել է 2,5 մլն եվրո, գրում է Deutsche Welle-ն:
Ընդհանուր առմամբ, նախագիծն ուղղված է միջուկային էներգետիկայի ոլորտում Իրանի կանոնակարգող մարմնի հնարավորությունների ընդլայնմանը: Եվրահանձնաժողովը կաջակցի նաև այդ ոլորտի նորմատիվային բազայի ստեղծմանը, ինչը թույլ կտա Թեհրանին միանալ միջուկային էներգետիկայի միջազգային կոնվենցիաներին:
Երկրորդ համատեղ նախագծի վերաբերյալ պայմանագիրը, որով նախատեսվում է բետա-թեստերի անցկացում Բուշերում, կստորագրվի առաջիկայում: Այդ նախագծի արժեքը ևս 2.5 մլն եվրո է:
2016-ի հունվարի 16-ին չեղարկվել են 2005-ից ի վեր Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցները: Պատժամիջոցները չեղարկվեցին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումից հետո, որով հաստատվեց, որ Իրանը լիովին կատարում է «վեցյակի» հետ համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունները: