Նախագահական ընտրություններ Հայաստանում. ԿԸՀ-ն երկարաժամկետ դիտորդներ չի հրավիրելու

PanARMENIAN.Net - Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին հետեւելու համար երկարաժամկետ դիտորդական առաքելություն չի հրավիրի, երեքշաբթի լրագրողներին է հայտարարել Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը:



Նա նշել է, որ կայացված որոշման համաձայն, ԿԸՀ-ն հրավիրում է միայն կարճաժամկետ դիտորդների, ինչը բոլորովին չի նշանակում, թե նախագահական ընտրություններում միջազգային երկարաժամկետ առաքելություններ չեն լիենլու:



Այդ կապակցությամբ Ազարայնը նշել է, որ ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանի ելույթը վերջերս կայացած մամլո ասուլիսում սխալ է մեկնաբանվել որոշ ԶԼՄ-ներում:



«Խոսքը գնացել է այն մասին, որ ԿԸՀ-ն չի հրավիրել երկարաժամկետ առաքելություններ, այլ ոչ թե, որ նախագահական ընտրություններում ընդհանրապես չեն լինելու երկարաժամկետ դիտորդական առաքելություններ: Միջազգային դիտորդներ հրավիրելու իրավունք ունեն նաեւ այլ մարմիններ` նախագահը, կառավարությունն ու խորհրդարանը»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի, դիտորդների հավատարմագրումը նախագահական ընտրություններում ընթանում է նոյեմբերի 9-ից եւ կտեւի մինչեւ փետրվարի 9-ը:
 Ուշագրավ
---