23 հունիսի 2017 - 12:31 AMT
Մարատ Ուելդանով-Գալուստյանը բողոքարկել է դատավճիռը

Բաքվում դատապարտված ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը բողոքարկել է իր դեմ կայացված դատավճիռը:

Ապրիլի 28-ին Բաքվի առանձնապես ծանր գործերով դատարանն 8 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ հայազգի քաղաքացի Ուելդանով-Գալուստյանին, որը ձերբակալված է թմրանյութերի վաճառքի մեղադրանքով:Մայիսի 31-ին Ուելդանով-Գալուստյանը դիմել է ՌԴ կառավարությանը՝ խնդրելով աջակցել իր արտահանձնմանը:

Նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին: Դատական նիստը կանցնի Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Աֆլաթուն Գասիմովի նախագահությամբ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ուելդանով-Գալուստյանը ձերբակալվել է 2016-ի հուլիսի 28-ին: Ի պատասխան նրա ընտանիքի բողոքների՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունն առաջարկել է նրանց ըմբռնումով վերաբերվել երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության ներկայացուցիչն է, որն զբաղվում էր Բաքվում Formula 1-ի մրցաշարի մասնակիցներին սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, նա Բաքու էր այցելել նաև Եվրոպական առաջին խաղերի առիթով, սակայն խնդիրներ չի ունեց: Մարիա Միրզոյանը հայտնել է նաև, որ իր եղբայրը ծնվել է Բաքվում, սակայն ամուսնանալուց հետո կնոջ ազգանունը վերցրած լինելով՝ նախկինում խնդիրներ չի ունեցել այնտեղ։

Ուելդանովը չի ընդունել մեղադրանքը: