Նախագահ. Լիովին վստահում եմ Կառավարության ներկայիս կազմին![]() 29 հունիսի 2017 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է ՀՀ նախագահի և նրա քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ կառավարության հունիսի 29-ի նիստի ընթացքում։ «Անցած ընտրություններում Հանրապետականը ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար: Մեր ստացած մանդատը բավարար էր միայն Հանրապետականի ուժերով կառավարություն ձևավորելու համար: Սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով գործակցությունը: Հայ Հեղափոխական Դաշնակցության մեր գործընկերների հետ միասին մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը, վստահ եմ, ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում և օրենսդիրում, այնպես էլ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում: Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը», - ասել է Սերժ Սարգսյանը։ Նախագահը հավելել է, որ պետք է լինել պահանջկոտ և չբավարարվել ձեռք բերածով. «Հակառակ պարագայում հեռուն չենք գնա»: Նա նաև հակիրճ անդրադարձել է այն հարցին, թե ինչպես պետք է իրականացնեն կառավարության ծրագիրը: «Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության՝ վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը: Այս առումով անցած տարիների փորձից կարող ենք կատարել մի շարք եզրակացություններ: Առաջինը, հաջողություն ենք արձանագրել այն բարեփոխումների պարագայում, որոնք հետևողականորեն և մանրակրկիտ բացատրել ենք հասարակությանը: Որքան էլ ցավոտ են եղել այդ ծրագրերը, հասարակությունը նման աշխատանքի շնորհիվ հստակ գիտակցել է դրա կարևորությունը և ընդունել է դրանք՝ միգուցե սկզբում դժկամությամբ, բայց այնուհանդերձ ընդունել է: Կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը հանրությանը ներկայացնել ու բացատրել: Այդպիսի մի կարևոր աշխատանք այս պահին ունենք իրականացնելու համայնքների խոշորացման ծրագիրն իրագործելու ուղղությամբ: Մենք պետք է հետևողականորեն բացատրենք այս բարեփոխման անհրաժեշտությունը, մեր եղած սուղ միջոցները ճիշտ բաշխելու և արդյունավետ կառավարելու կարիքը: Երկրորդը, թափանցիկությունն ինքնանպատակ չէ և, անշուշտ, ինքնադրսևորման միջոց չէ: Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավականին ազդեցիկ միջոցներ և այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ: Երրորդը, մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել մեզ համար արտաքին քաղաքական միջավայրը բարելավելու ուղղությամբ, սակայն պատրանքներ չպետք է ունենանք: Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացկամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում»,- շեշտել է նախագահը: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ շնորհակալություն է հայտնել նախագահին և հավաստիացրել, որ այն ծրագիրը, որ ձևավորել է թիմը, գործադիրը իրագործելու է: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շատ լավ հասկանում է՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը գործադիրից և հասկանում է նաև, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու: Սակայն, վարչապետ Կարապետյանի հավաստմամբ, կառավարությունը շատ վճռական է տրամադրված և բոլոր նախատեսված ծրագրերը իրագործելու է: ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին ձայների 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |