Թուրքիան գործ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ

PanARMENIAN.Net - Թուրքիան գործ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, նա չի կարող ինչ-որ կերպ ազդել: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Հայ-թուրքկան հարաբերությունները. խնդիրներ եւ հեռանկարներ» լսումների ժամանակ ՀՀ ԱԺ-ում: Նրա խոսքերով, միջազգային պրակտիկան բացառում է շահագրգռված կողմերի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների փաթեթում որեւէ հիշատակում չկա հայ-թուրքական հարաբերությունների մասին: Սակայն երբ ժամանակը գա, մենք կբարձրացնենք այդ հարցը կարգավորման ընդհանուր համատեքստում»,- ընդգծել է Օսկանյանը:



ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ մինչեւ հիմա Կարսի եւ Լոզանի պայմանագրերը չեղյալ չեն հայտարրավել եւ Թուրքիան խախտում է համաձայնագրերի այն հոդվածները, որոնք որոշում են հայ-թուրքական սահմանը: «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա Թուրքիան այդ մասին անգամ խոսելու բարոյական իրավունք չունի: Վարչապետ Ռեջեփ Էրդողանի նամակը Հայատանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատմաբանների երկկողմանի հանձնախմբի ստեղծման մասին, պազրապես անլուրջ է: Ակադեմիական աշխարհում վաղուց արդեն չի քննարկվում Հայոց ցեղասպանության լինելու չլինելու հարցը: Այն ճանաչվում է աշխարհի բոլոր հեղինակավոր գիտնականների կողմից, անկախ ազգությունից: Բացի այդ, ինչպես կարելի է խոսել Ցեղասպանության մասին մի երկրում, որտեղ գոյություն ունի 301-րդ հոդվածը, ըստ որի 1915 թվականի իրադարձությունների մասին հիշատակման պատճառով կարելի է բանտում հայտնվել: Սակայն քչերն են տեղյակ, որ Հայաստանի նախագահը պատասխանել է Էրդողանի նամակին, որում ընդունել է նման հանաձնաժողովի աննպատակահարմարությունը: Սակայն թուրքերը լռում են այդ մասին` ելնելով նեղ քաղաքական եւ ազգայնամոլական շահերից»,- ասել է Վարդան Օսկանյանը:



Միեւնույն ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին 18 տարիներին Թուրքիան երկու անգամ շանս է ունեցել բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք նա չի օգտագործել: «1991 թվականին նրանք չկարողացան ազգային շահերը զոհել հանուն ռազմավարական շահերի, եւ 2003 թվականին, երբ սկսկվեցին բանակցությունները ԵՄ հետ, որոնք ենթադրում են խոսքի ազատության պաշտպանություն եւ հարեւանների հետ սահմանների փակում»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
---