27 դեկտեմբերի 2007 - 15:39 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները կարող են պատրաստ լինել 2008 թվականի հունվարին
Միջազգային միջնորդները կարող են հասցնել մինչ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները նախապատրաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նախագիծը, եթե հակամարտության կողմերը համաձայնվեն կարգավորման հիմնարար սկզբունքների հետ: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը:

«Գրավոր առաջարկներում, ըստ էության, ոչ մի նոր բան չկա: Այնտեղ մի փոքր այլ, համակարգված կերպով են շարադրված երեք տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ներկայացրած են մեր առաջարկները»,-ասել է նա:

Ռուս դիվանագետը նշել է նաեւ, որ հակամարտության կողմերի պաշտոնական արձագանքը համանախագահների ներկայացրած առաջարկների վերաբերյալ իրենք հուսով են ստանալ հունվարի կեսերին տարածաշրջան այցելության ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախնական կարծիքներն արդեն հրապարակվել են Մադրիդում եւ դրանք, հիմնականում, դրական են: «Սակայն կողմերը դեռեւս ուսումնասիրում են առաջարկները»,-հավելել է Մերզլյակովը: Նա չի բացառել, որ համանախագահների տարածաշրջան կատարած այցից եւ կողմերի հավանությունը ստանալուց հետո կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Կարող են տարբեր տարբերակներ լինել, այդ թվում, նախագահները կարող են հանդես գալ հայտարարությամբ իրենց մայրաքաղաքներում»,-ասել է ռուս դիվանագետը: Դիվանագետը հաղորդել է նաեւ, որ հունվարյան այցի ընթացքում համանախագհները մտադիր են այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է «Թրենդը»: