Երեւանում բացվել է Եվրոպական հանձնաժողովի մշտական ներկայացուցչությունը

PanARMENIAN.Net - Երեւանում բացվել է Հայաստանում Եվրահանձնաժողովի մշտական ներկայացուցչությունը: Բացման արարողությանը ԵՄ-ի արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները կարեւորել է այս իրադարձությունը, որը վկայում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդման մասին: «Վերջին տարիներին ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցվել եւ այսօրվա իրադարձությունը դրա վառ ապացույցներից մեկն է: Մշտական ներկայացուցչության բացումը թույլ է տալիս մեզ լիարժեք հարաբերություններ հաստատել ինչպես պետական մակարդակով, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների հետ եւ մենք պատրաստ ենք նման հարաբերությունների զարգացմանը»,-ասել է նա:



Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը շնորհավորել է բոլորին այս «պատմական օրվա» կապակցությամբ:



«Մի քանի տարի առաջ, երբ մենք բացում էինք Բրյուսելում մեր ներկայացուցչության շենքը, ես ասացի, որ կգա մի օր, երբ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կհասնեն ցանկալի մակարդակի, եւ ես համոզված եմ, որ այդ օրը շուտով կգա: Նույն կերպ ապագա սերունդները կհիշեն նաեւ այս օրը, երբ մենք դրեցինք Հայաստանի եւ ԵՄ-ի նոր հարաբերությունների հիմքը»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Նշենք, որ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարը դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերն է:
 Ուշագրավ
---