Հայաստանի փորձը ցույց է տվել, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, պաշտոնական այլ անձինք: Ողջունելով հյուրին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը բարձր գնահատական տվեց ներդաշնակ ու դինամիկ զարգացող հայ-ռուսական հարաբերություններին, նշելով, որ հաջողությունները նոր հեռանկարներ են բացում համագործակցության խորացման ու զարգացման համար: ՌԴ-ի հետ համագործակցությունը կարեւորվեց նաեւ տարածաշրջանային կտրվածքով` Աժ նախագահը նշեց, որ Հարավկովկասյան տարածաշրջանը բարդ տարածք է` իր քաղաքական ու տնտեսական խնդիրներով, հակամարտությունների առկայությամբ, եւ Հայաստանի փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացումը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, տարածաշրջանի զարգացմանը: Ընդհանրապես` ինչպես համաշխարհային փորձն է վկայում, գլոբալացման պայմաններում լոկալ խնդիրներ չկան եւ անհրաժեշտ է բոլոր կողմերի փոխըմբռնումն ու համագործակցությունը` հաջողության հասնելու համար, որոնելով ոչ թե տարակարծություններ, այլ` համագործակցության հնարավորություններ, ինչի շատ լավ օրինակ են հայ-ռուսական հարաբերությունները: Նշվեց, որ թե Հայաստանում, թե Ռուսաստանի Դաշնությունում 2007-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից ու 2008-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ են ստեղծվում, որը պետք է հնարավորինս օգտագործել ի շահ ժողովրդի բարեկեցության նախատեսված ծրագրերը կենսագործելու համար: ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը, որ արդեն հանդիպել էր ՀՀ վարչապետի եւ նախագահի հետ, նշեց, որ հանդիպումներում քննարկվել են ապրանքաշրջանառության մեծացման եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները` էներգետիկայի, ադամանդագործության, երկաթուղային հաղորդակցության, շինարարության, նավթավերամշակման եւ այլ ոլորտներում, եւ արձանագրվել է լիակատար փոխըմբռնում: Պարոն Զուբկովը տպավորված է Հայաստանի տնտեսական աճի տեմպերով` ելնելով տնտեսական զարգացման հնարավորություններից, նրա գնահատմամբ շատ արագ այդ թվերը իրենց արտահայտությունը կունենան նաեւ կենսամակարդակի վրա: ՌԴ կառավարության նախագահը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջեւ, քանի որ խորհրդարանները մեծ դեր ունեն ժողովուրդների փոխհարաբերություններում, հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---