Արա Գյուլերի անունով փողոց կանվանակոչվի Ստամբուլում

Արա Գյուլերի անունով փողոց կանվանակոչվի Ստամբուլում

PanARMENIAN.Net - Ստամբուլի քաղաքապետարանն ընդունել է Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով վերանվանելու առաջարկը: Այս մասին հայտնում է Ermenihaber շաբաթաթերթը:

Աղբյուրը հայտնում է, որ չնայած նրան, որ սովորաբար քաղաքապետարանը մերժում է փողոցները վերանվանելու առաջարկները, այս անգամ հավանություն է տվել 89-ամյա լուսանկարչի անունով փողոց ունենալու առաջարկին:

Արա Գյուլերը երկար տարիներ ապրել է վերոնշյալ փողոցում, ներկայումս էլ այստեղ է գտնվում լուսանկարչի արվեստանոցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի և թուրքական «Դողուշ» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել այն մասին, որ Թուրքիայում կհիմնվի առաջին լուսանկարչական թանգարանը, որում ներկայացվելու են Գյուլերի ստեղծագործությունները:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան անվանում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝ 1928-ին, հայերի ընտանիքում: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով:

Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել միջազգային հաստատություններում, ինչպիսիք են Փարիզում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Շելդոնի հավաքածուն Նեբրասկայի համալսարանում, նաև Բոստոնի, Չիկագոյի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում: Նրա լուսանկարները ցուցադրված են Քյոլն քաղաքի «Լյուդվիգ» թանգարանում ևս: 2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում էր: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր աշխարհի տարբեր վայրերում արված մոտ 100 լուսանկար: Ցուցահանդեսը մշտական է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---