Արցախի պետնախարարն այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան![]() 16 մարտի 2018 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 15-ին այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան: Պետական նախարարը հանդիպել է Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի անդամներին և խումբը նախագահող, խորհրդարանի անդամ Ջոնաթան Օ՛Դեային: Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նոր Հարավային Ուելսի խորհրդարանին Արցախի անկախությունը ճանաչելու և ինքնորոշման իրավունքը հարգելու համար: Իր հերթին Ջոնաթան Օ՛ Դեան ողջունել է Հարությունյանի այցը Ավստրալիա և, հատկապես, Նոր Հարավային Ուելս՝ նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հետագա զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Այցի ընթացքում Հարությունյանը Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի հարակից Խաղաղության այգում գտնվող հուշաքարի մոտ իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև պետական նախարարը հանդիպում է ունեցել ավստրալահայ մի խումբ գործարարների հետ, որի ընթացքում ներկայացրել է «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության իրականացրած ծրագրերի առանձնահատկություններն ու հաջողությունները Արցախի վերաբնակեցված շրջաններում: Նա շեշտադրել է անցած 9 տարիների ընթացքում այդ ծրագրերի նշանակությունն Արցախի տնտեսական ակտիվության և բնակչության կյանքի որակի բարելավման համար, հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Սփյուռքահայ գործարարները Հարությունյանին են հղել ներկայացված ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Հանդիպման վերջում որոշ գործարարներ հայտնել են ԱՐԻ-ի բաժնետեր դառնալու իրենց ցանկության մասին: Հարությունյանը այնուհետև մասնակցել է Ավստրալիայում ԱՀ մշտական ներկայացուցչության կողմից՝ ի պատիվ պետական նախարարի այցելության կազմակերպված պաշտոնական ճաշկերույթին, որին ներկա էին ավստրալահայ համայնքի գրեթե բոլոր քաղաքական և մշակութային կազմակերպություններից ավելի քան 120 պատվիրակներ: Պետնախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի ներկայացուցիչներին հայրենիքից հեռու հայկականությունը վառ պահելու և հայրենիքին մշտապես սատար կանգնելու համար: Նա ընդգծել է, որ դեռևս 90-ական թվականներից ավստրալահայերն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախի ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Հարությունյանը, ի նշան երախտագիտության, Արցախյան շարժման 30-ամյակի հուշամեդալներով է պարգևատրել Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի հիմնադիր-համասեփականատերեր ավստրալահայեր՝ Հակոբ Ապոլաքեանին, Փոլ Մենծյակոբեանին, Միհրան Ապոլաքեանին, Կարո Սեթեանին և Վարուժան Իսկանդարեանին: Օրվա վերջում Հարությունյանն այցելել է Նոր Հարավային Ուելսի հայ Ավետարանչական ընկերակցություն, որտեղ հանդիպել է պատվելի Գրիգոր Եմուշակյանին և համայնքի ներկայացուցիչներին: Հոգևոր համայնքում Հարությունյանը ներկա է գտնվել նաև արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությանը: Պետական նախարարի քաղաքական հանդիպումները կազմակերպվում են ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի և Հայ Դատի տեղի հանձնախմբի գործուն աջակցությամբ: Հանդիպումների ընթացքում Հարությունյանին ուղեկցում է Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը: Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |