Նախագահ. ՀՀ-ն անում է հնարավորը, որ Արցախում խաղաղություն հաստատվի

Նախագահ. ՀՀ-ն անում է հնարավորը, որ Արցախում խաղաղություն հաստատվի

PanARMENIAN.Net - Հայաստանը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի Արցախում խաղաղություն հաստատվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Վերջնարդյունքում տարածաշրջանային բոլոր հակամարտությունները լուծվելու են, դրանք միանգամայն հաղթահարելի են: Պատմությունն ավելի դաժան ու դրամատիկ հակամարտություններ է տեսել»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ արդեն 25 տարուց ավելի հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջարկած կարգավորման սկզբունքների ու տարրերի հիման վրա:

Նախագահը նշել է նաև, որ Ռուսասատանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, առանցքային դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

«Հիշեցնեմ, որ 23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հրադադարը հաստատվեց հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորման ուղղությամբ այդ միջնորդական ջանքերը: Ակնհայտ է, որ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության ու համաձայնության հասնելու կամք: Խաղաղության հասնելու համար Հայաստանն իր կողմից անում է հնարավոր ամեն ինչ և ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նույն վերաբերմունքը կցուցաբերի»,-նշել է նախագահը:

Ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը:Նախագահը երդվել է՝ ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր ավետարանին. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---