Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը հայտարարել է քվեարկության մեկնարկի մասին:
Ավելի վաղ իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանվել են նախագահի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումները, ավելացել է պաշտոնավարման տևողությունը՝ մինչև 7 տարի: Ուստի հաջորդ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն 2025-ին:
Ընտրությունները նախատեսվածից շուտ են անցկացվում, այդ մասին Ալիևը հայտարարեց փետրվարին՝ ոչ մի բանով չհիմնավորելով իր որոշումը:
Ընտրություններին հետևում է 894 միջազգային և 58.175 տեղացի դիտորդ: ԵԱՀԿ-ն 300 դիտորդ է գործուղել, մինչ օրս այդ կազմակերպությունը երբեք ազատ ու ազնիվ չի ճանաչել Ադրբեջանում անցկացվող ընտրությունները:
Ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևի ընտրությունը համարվում է կանխորոշված:
Ընդդիմության հիմնական ուժերը բոյկոտում են ընտրությունները:Ընտրություններին մասնակցելուց հրաժարված ընդդիմությունը կարծում է, որ տեղափոխելով ընտրությունների ժամկետը, նախագահը ժամանակ չի թողել իր մրցակիցներին քարոզչության համար, իսկ գրանցված թեկնածուները չեն կարող իրական մրցակից լինել:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագհի ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում ընտրություններից հետո, ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:
Ընթերցեք նաև.BBC. Սոցցանցերում ոչինչ չգիտեն ընտրություններում Ալիևի մրցակիցների մասին