Ցուցարարները Երևանի քաղաքապետարանի շենք են մտել. Պահանջում են քաղաքապետի հետ հանդիպում

Ցուցարարները Երևանի քաղաքապետարանի շենք են մտել. Պահանջում են քաղաքապետի հետ հանդիպում

PanARMENIAN.Net - Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող՝ Երևանի 2800-ամյակի այգու ծառերի հատումը քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացրել: Մայիսի 16-ին այս առթիվ բողոքի ակցիա իրականացնող մի քանի տասնյակ ցուցարարներն անարգել մտել են Երևանի քաղաքապետարանի շենք:

Նրանք հանդիպում են պահանջում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, միաժամանակ վանկարկում են «Տարոն, հեռացի՛ր»: Ցուցարարներից մի քանիսն իրենց հետ հատված ծառերի ճյուղեր են ներս բերել:

Ցուցարարների մոտ է իջել փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Նա առաջարկում է գնալ ճեպազրույցի համար նախատեսված դահլիճ՝ քննարկելու նախագիծն ու ցուցարարների պահանջը: Վերջիններս ասում են, որ իրենց բավարար չէ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ հանդիպումն ու իրենք ուզում են խոսել անձամբ Տարոն Մարգարյանի հետ:

Երևանի քաղաքապետարանը մայիսի 16-ին պարզաբանում էր տարածել, ըստ որի դեռ 2018-ի փետրվարին տեղեկացրել են, որ Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, «մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր»:

Պարզաբանման համաձայն, բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ «նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---