Ռոբերտ Քոչարյան. Ես շնորհակալ եմ Հայաստանի ժողովրդին վստահության համար եւ հավատում եմ Հայաստանի բարեկեցությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հեռուստաուղերձն է հղել հայ ժողովրդին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ: Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին: Սակայն ես չեմ թվարկելու վերջին տասը տարիների ձեռքբերումները: Երկրի արդիականացման առաջընթացն ակնհայտ է, քաղաքացիների կյանքը զգալիորեն բարելավվել է: Քիչ են աշխարհում այն երկրները, որոնց զարգացման տեմպերը համադրելի են Հայաստանի հետ:



Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ դեռ շատ անելիքներ կան: Կյանքի որակը դեռ հեռու է ցանկալի մակարդակից: Սակայն ես չեմ խոսելու նաեւ ապագայի խնդիրների մասին: Դա հաջորդ Նախագահի եւ կառավարության գործն է:



Ինձ համար այս տասը տարիները մեկ ակնթարթ էին: Հանրապետության Նախագահի աշխատանքը բարդ է եւ պատասխանատու: Բայց այն նաեւ չափազանց հետաքրքիր, ստեղծագործ, մշտական ինքնակատարելագործում պահանջող աշխատանք է: Ես շնորհակալ եմ Հայաստանի ժողովրդին այն վստահության համար, որի շնորհիվ ես տասը տարի պատասխանատու էի մեր երկրի համար: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատել եւ միասին իրագործել բազմաթիվ ծրագրեր:



Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր քաղաքացուն, ով երկրի զարգացման գործին բերել է իր, թող եւ ամենափոքրիկ լուման: Ես շնորհակալ եմ Սփյուռքին` իմ բոլոր նախաձեռնություններին սատարելու համար: Ներողություն եմ խնդրում նրանցից, ում կյանքն այս տարիներին չի բարելավվել: Նրանցից, ում սպասումները չեն արդարացվել, իսկ երազանքները չեն կատարվել:



Պաշտոնը թողնելիս յուրաքանչյուր մարդու առաջ հարց է ծագում. արդյո՞ք, հնարավոր չէր անել ավելին: Գուցե հնարավոր էր, բայց ես արել եմ իմ ուժերի առավելագույնը: Աշխատել եմ խիտ ժամանակացույցով եւ իմ ջանքերը չեմ խնայել: Համենայն դեպս, կատարել եմ բոլոր այն խոստումները, որ տվել եմ ընտրողներին: Ես հավատում եմ Հայաստանի ապագային, մեր ժողովրդի հզոր ներուժին: Հավատում եմ նոր Նախագահի կարողությանը` արդյունավետ կառավարել երկիրը: Հաջողությունները շարունակելու համար հասարակությանն անհրաժեշտ է ավելի շատ լավատեսություն, եռանդ, վստահություն եւ հանդուրժողականություն:



Մենք միշտ կրկնում ենք, որ մեր երկիրը հարուստ չէ բնական պաշարներով, եւ մեր ամենամեծ հարստությունը մարդիկ են:



Հարգելի հայրենակիցներ, այդ մարդիկ դուք եք, որ ձեր ամենաօրյա աշխատանքով ոտքի հանեցիք եւ շարունակում եք շենացնել մեր երկիրը: Դուք եք, որ ձեր աշխատասիրությամբ, ձեռներեցությամբ զարգացնում եք մեր տնտեսությունը: Ձեր շնորհիվ է, որ Հայաստանը առաջիկա տարիներին ունենալու է նոր ձեռքբերումներ: Ես հավատում եմ, որ կայուն, ապահով ու բարեկեցիկ Հայաստանը հեռու չէ, որովհետեւ հավատում եմ ձեզ»:
 Ուշագրավ
---