Մակեդոնիան այսուհետ կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն

Մակեդոնիան այսուհետ կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն

PanARMENIAN.Net - Մակեդոնիան այսուհետ կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Այդ մասին հատուկ մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի վարչապետ Զորան Զաևը:

Հունիսի 12-ին Զաևն ու նրա հույն պաշտոնակից Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հայտնել է աղբյուրը Հունաստանի կառավարությունում, կողմերը համաձայնության են եկել Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական անվան շուրջ, ինչը թույլ կտա երկրին անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի ուշ Ցիպրասը հայտարարել է, որ Սկոպյեի հետ լավ համաձայնություն է ձեռք բերվել Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական անվան վերաբերյալ:

«Մենք ունենք պատմական որոշում: Անվանումը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն բոլոր լեզուներով թարգմանությամբ»,-հայտարարել է Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը: Նա հավելել է, որ համաձայնագիրը պետք է ստորագրեն Հունաստանի և Մակեդոնիայի կառավարությունները, իսկ հետո այն պետք է վավերացվի խորհրդարանում: Զաևը հավելել է, որ հարկ կլինի փոփոխություններ կատարել երկրի սահմանադրության մեջ, իսկ աշնանն այդ հարցով հանրաքվե կանցկացվի:

Նա հատուկ նշել է, որ ինքնությունը՝ «մակեդոնացիներ», և լեզուն՝ որպես «մակեդոներեն» կպահպանվեն:

Երկրի անվան շուրջ Մակեդոնիայի և Հունաստանի վեճը շարունակվում է արդեն 25 տարի, դա խոչընդոտ էր Մակեդոնիայի համար ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Հունաստանը պահանջել էր փոխել երկրի անվանումը, որպեսզի շփոթություն չառաջանա հունական Մակեդոնիայի հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---