«Արմօյլ» նավթավերամշակման գործարանի շինարարությունը Եղվարդում կասեցվել է

«Արմօյլ» նավթավերամշակման գործարանի շինարարությունը Եղվարդում կասեցվել է

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում կառուցվող «Արմօյլ» նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցվել է: Հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ չի իրականացվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։

Ելնելով վերոգրյալից՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը, ասվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Շինթույլտվություն «Արմօյլը» ստացել է դեռ 2016-ի հունվարին։ Գործարանի սեփականատերն է Ալֆրեդ Աբեդին: «Արմօյլ» ընկերությունը Հայաստանում «Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է: Գործարանի կառուցումը մեծ աղմուկ է առաջացրել Եղվարդում, բնակիչները իրավիճակը համարում են «Էկոլոգիական աղետ»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---