ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՎՈՒՄ ԵՆ ԲՈՒՌՆ ԿՐՔԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում բուռն կրքեր են բորբոքվում նախագահական ընտրությունների շուրջ, որոնք կկայանան սույն թվականի հոկտեմբերի 15-ին: Բաքվի «Հյուրիեթ» թերթը գրում է, որ պետության ղեկավարի գլխավոր թեկնածուն, երկրի գործող նախագահ Հեյդար Ալիեւը ծնվել է ոչ թե 1923 թվականին, ինչպես ներկայացված է փաստաթղթերում, այլ` 1919 թվականի մարտի 18-ին Հայաստանի Սիսյանի շրջանում: Ալիեւը փոխել է իր ծննդյան թիվը` Մեծ Հայրենական պատերազմի տարիներին բանակ զինկոչվելուց խուսափելու համար: Թերթը գտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է պարզաբանի այս հարցը եւ մերժի Ալիեւին որպես նախագահության թեկնածու գրանցելում: Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Պրեսս-Ցենտռ.ռու»-ն, Բաքվում ստեղծվել է նախաձեռնող խումբ երկրի նախկին նախագահ Այազ Մութալիբովի թեկնածությունը երկրի գլխավոր պաշտոնի համար առաջադրելու նպատակով: Նախաձեռնողների կարծիքով, նրանք կօգտագործեն բոլոր միջոցները, ներառյալ բողոքի զանգվածային գործողությունները, Մոսկվայից Ադրբեջան Մութալիբովի վերադառնալու համար, որտեղ նա քաղաքական էմիգրացիայում է գտնվում է 1992 թվականից: Միեւնուն ժամանակ, նախագահության մեկ այլ թեկնածու, Բաքվի Կոմկուսի քաղկոմի նախկին առաջին քարտուղար, Իտալիայում Ադրբեջանի նախկին դեսպան Ռուֆատ Աղաեւը դիմել է երկրի ԱԳՆ` իր ընտանիքին պահապաններ տրամադրելու խնդրանքով: Բաքու ժամանելուց կարճ ժամանակ անց անհայտ մարդիկ սպառնացել են դատաստան տեսնել նրա հետ եւ առեւանգել երեխային, եթե նա չհանի իր թեկնածությունը ընտրություններում: Այդ մասին Ռուֆատ Աղաեւը հայտարարել է Բաքվի «Էխո» թերթին:
 Ուշագրավ
---