2-րդ նախագահի գրասենյակ․ Քոչարյանի դեմ դասական վենդետա է իրականացվում

2-րդ նախագահի գրասենյակ․ Քոչարյանի դեմ դասական վենդետա է իրականացվում

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ հեռախոսազրույցն ապացուցում է, որ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

«ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը սրանում կասկածի տեղ չի թողնում: Դատելով ձայնագրությունից, ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել «Մարտի 1-ի» գործը և գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել /զրուցակիցների բառապաշարով` «փակել»/ նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է: Առաջին ատյանի դատավորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնվել է իշխանական բիրտ ճնշման ներքո և իրեն վերևից թելադրված «դուխով» ապօրինի որոշում է կայացրել: ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. նախ` ՀՔԾ պետն է համաձայնեցրել /կալանք/, իսկ այնուհետ` ԱԱԾ պետը /գրավ/», - նշվում է հայտարարությունում:

«Կատարվածը հանցագործություն է` բարձարաստիճան պաշտոնյաների մասնակ­ցու­­թյամբ: Հեռախոսազրույցների հրապարակմանը հետևած ՀՀ վարչապետի, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսում արված հայտարարություն­ները, մեծապես ոչ այլ ինչ են, քան անհաջող արդարացումներ: Հեռախոսազրույցների խայտառակ բովանդակու­թյու­նը մեկնաբանությունների կարիք չունի, ու զրույցներն այն մասին, թե «չար ուժերը» փորձում են նման ձայնագրություններ տարածելով խոչընդոտել «բարի ուժերի» հերոսական պայքարը կոռուպցիայի և հանցավորու­թյան դեմ, տվյալ համատեքստում պարզապես զավեշտալի են: Կարևոր է ընդգծել, որ այս հեռախոսազրույցները բացահայտում են ոչ միայն ինչ-որ մի կոնկրետ գործին առնչվող դրվագ, այլև գործող ռեժիմի բուն էությունը, օրվա իշխանության իրական դեմքը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո գոռում-գոչում են սիրո և հանդուրժողա­կանության ու արդարադատության մեջ չմիջամտելու մասին, անում են ճիշտ հակառակը` մոլորեցնելով ու խաբելով հասարակությանը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո խոսում են ժողովրդավարու­թյան մասին ամենակոպիտ ձևով ճնշում են ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները», - ասվում է հայտարարությունում։

«Հարկ ենք համարում ընդգծել նաև հետևյալը: Վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ելույթներից պարզ է դառնում. տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարավոր չէ կալանվորել և հետապնդման ենթարկել նախագահ Քոչարյանին` հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպես նաև համոզվելով, որ ապօրինի հարստացման և առասպելական ունեցվածքի մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, իշխանությունները նոր միջոցի են դիմում` հայտարարելով, թե Քոչարյանների ընտանիքը փողերի լվացմամբ է զբաղվել: Թե ինչ արժեն այս հայտարարությունները, որ արված են հայտնի հեռախոսազրույցների մասնակիցների կողմից` առաջարկում ենք որոշի հանրությունը: Սակայն ակնհայտ է, որ Նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են և նոր շրջան են մտնում: Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կերպով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչա­կան շղարշը և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերած­վի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից` բոլշևիզմի սկզբունքներով և ուր խրախուսվում են քաղաքա­կան ռեպրեսիա­ները», - ընդգծվում է հայտարարությունում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---