Իլհամ Ալիեւը իր երկրի միակ լուրջ խնդիրը համարում է Ղարաբաղի հակամարտությունը

PanARMENIAN.Net - «Մեր առջեւ ծառացած միակ լուրջ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Իմ դիրքորոշումը հայտնի է: Ես բազմաթիվ անգամներ հայտնել եմ իմ դիրքորոշումը այս հարցով: Այս հարցը կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հարցի նման երկար ձգձգումը, երեւի թե, հենց այն պատճառով է, որ Ադրբեջանը ոչ մի քայլ ետ չի կանգնում իր սկզբունքային դիրքորոշումից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 90-ամյակին նվիրված միջոցառմանը: Նրա խոսքերով, «չնայած, որ կան կողմեր, որոնք փորձում են տարբեր ուղիներով ստիպել Ադրբեջանին ավելի էական զիջումների գնալ, եւ որոշ առումով օգտագործվում են ճնշման մեխանիզմներ: Նման մեխանիզմներից ոմանց դեպքում իրենց դերն են խաղում նաեւ այն հայտարարությունները, թե Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման հարցում իբր ինչ-ինչ խնդիրներ կան»: «Ադրբեջանական ժողովուրդը լավ տեղյակ է ինչի համար, երբ եւ ինչ նպատակով է արված այս կամ այն նկատողությունը, առաջարկությունը: Սակայն ցանկացած ճնշում ադրբեջանական պետության, նրա ղեկավարության, ադրբեջանական ժողովրդի վրա բացարձակապես անիմաստ է, քանի որ մեր քաղաքականությունը բաց է, այն աջակցություն ունի ժողովրդի կողմից. դա սկզբունքային, արդար քաղաքականություն է»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը:



«Առաջիկա ամիսներին, երեւի թե, մինչեւ տարեվերջ եւ 2009 թվականին, մենք ավելի կոնկրետ կարտահայտենք մեր մտքերը` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Միեւնույն ժամանակ, հավելյալ զիջումներ ադրբեջանական կողմից անհնարին են: Մի կողմից, մեզ խաղաղ բանակցությունների կոչ են անում, եւ մենք, բարի կամք դրսեւորելով, դեռեւս մասնակցում ենք դրանց: Այլ կողմից, մենք չենք կարողանում առաջ գնալ: Ճիշտ է, քննարկումների ժամանակ որոշ առաջընթացներ արձանագրվել են, կարող եմ ասել, որ այսօր Ադրբեջանի դիրքորոշումը հաշվի է առնվում քննարկվող հարցերում: Սակայն արդյունք չկա: Ուրախալի է, որ մեր դիրքորոշումների ամրապնդման շնորհիվ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը գլխավոր տեղն է գրավում բանակցություններում: Այսինքն, բանակցությունների էությունը կապված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ բոլոր օկուպացված տարածքների վերադարձի հետ: Բանակցությունների սեղանին չկա Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատման մեխանիզմ: Դա է իրականությունը, եւ որքան ել հայկական կողմը հանդես գա իր սուբյեկտիվ կարծիքով, դա անիմաստ է, քանի որ բանակցություններում միայն մենք չենք մասնակցում: Կան նաեւ միջնորդներ: Լեռնային Ղարաբաղի անջատման մեխանիզմ չկա: Դա դրական երեւույթ է, որը թույլ է տալիս շուտափույթ կերպով հասնել խաղաղ համաձայնագրի, եթե հայկական կողմը կառուցողական գտնվի»,- պնդում է Ադրբեջանի նախագահը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---