Երևանում բացվում է «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը». 70-ից ավելի նկարիչ է մասնակցելու28 սեպտեմբերի 2018 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ծննդյան հարյուրամյա տարեդարձի առթիվ Երևանում բացվում է «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» (ICAE2018) ցուցադրությունը։ Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանի մայրաքաղաքի յոթ կարևոր վայրերում կցուցադրվեն ավելի քան յոթանասուն օտարերկրյա նկարիչների գործեր: Միջոցառումը ներառում է նաև աշխատաժողովներ և զրույցներ արվեստի աշխարհի միջազգային մասնագետների հետ: Ցուցահանդեսը մեկտեղում է ժամանակակից կերպարվեստը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, տեսանյութեր, աշխարհահռչակ պատկերասրահներից և հավաքածուներից փոխառված հանրահայտ գործեր, նկարիչների կողմից տեղում պատվերով կատարված գործեր: Հրավիրյալ մի շարք նկարիչներ պրեզենտացիաներ և աշխատաժողովներ կանցկացնեն Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և Ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնի սաների հետ: Ծրագիրը բաղկացած է երկու տեսակի ցուցահանդեսներից. առաջինը «Ժամանակակից արվեստի ձայնային գծերն» են, երկրորդը՝ «Ժամանակակից արվեստի ազատ ձայները»: «Նախաձեռնությունը համընկնում է Ֆրանկոֆոնիայի գաղափարին, որն ասում է, թե պետք է ապրել միասին: Ցուցահանդեսը մշակույթների փոխանակման հնարավորություն է տալիս», - սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է միջոցառման աջակից ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը:
Միջոցառումը նպատակ ունի ցուցահանդեսի, աշխատաժողովների և պրեզենտացիաների միջոցով Հայաստանում ձևավորել միջազգային գեղարվեստական բանավեճի և մշակութային փոխանակման մթնոլորտ: Միջոցառման կազմակերպիչներից և մտահղացման հեղինակներից Ֆաբիո Լենցին նշել է, որ Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ է տեղի ունենում նման միջոցառում: «Մենք վստահ ենք և հավատում ենք, որ մշակույթը կարևորագույն ասպեկտն է սահմանները կոտրելու և նոր փոխանակումներ կազմակերպելու համար: Արվեստագետներից շատերը որոշել են գալ Հայաստան ծանոթանալու տեղական մշակույթի հետ: Այս գիտելիքների փոխանակումը մեկնարկային քայլ է մեզ համար տեղի գիտելիքներն ու արվեստը միջազգային շուկա դուրս բերելու համար»,- հավելել է Լենցին: Նրա խոսքով՝ շատ կարևոր էր արվեստագետներին Հայաստան բերելը: Լենցին նշել է, որ սեպտեմբերի 29-ից սկսած ՀՀ բնակիչները և երկրի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու արվեստի գործերը հետևյալ մշակութային օջախներում. Նորարար փորձառական արվեստի հայկական կենտրոնը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Հայ-Արտ մշակութային կենտրոնը, Հայաստանի նկարիչների միությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Ցուցահանդեսի կազմակերպիչը շեշտել է նաև, որ մուտքն անվճար է լինելու բոլորի համար:
Լենցին պատմել է, որ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների շրջանակում վերականգնվել է նաև դեռ սովետական շրջանում ստեղծված կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը՝ «ՀայԱրտը»: Ցուցահանդեսը համադրող Մազդակ Ֆաիզնիան և Մարինա Հակոբյանը, իրենց հերթին, շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին, բոլոր արվեստագետներին, ցուցահանդեսի աջակիցներին և այն բոլոր մարդկանց, ովքեր մասնակցեցին միջոցառման կայացմանը: «Երբ մենք սկսեցինք կապվել արվեստագետների և պատկերասրահների հետ, շատերը հարցեր ունեին, ոմանք էլ պատասխանեցին խանդավառությամբ, բայց բոլորի համար սա մի արկած էր և միասնական երազ»,- նշել է Ֆաիզնիան: Համադրողն ասել է, որ սովորել է Հայաստանում շատ բան, այդ թվում՝ «լռության արժեքը»: Նրա խոսքով՝ հայերն ամենուր են, և հայ արվեստագետները մեծ ազդեցություն ունեն միջազգային արվեստի վրա, նրանք ստեղծագործում են, բայց անում են դա «յուրահատուկ համեստությամբ, նրանք չեն գոռում, նրանք անում են դա լուռ»: Մարինա Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ չէ, որ կազմակերպվում է նման միջոցառում, սակայն այս մեկը բացառիկ է իր մասշտաբով: «Հուսով ենք, որ այս ցուցահանդեսը շարժառիթ կհանդիսանա առավել ակտիվ դուրս գալու միջազգային հարթակ»,- նշել է Հակոբյանը: Նրա խոսքով՝ ցուցադրությունը նաև հնարավորություն է տալիս տարբեր սերունդների արվեստագետներին հանդես գալու միևնույն հարթակում:
Ցուցադրության համատեքստում տեղի կունենան բազմաթիվ հարակից միջոցառումներ ու քննարկումներ՝ ոլորտի հեղինակավոր այնպիսի մասնագետների հետ, ինչպիսիք են՝ քննադատները, նկարիչները, պատկերասրահների սեփականատերերը և հավաքորդները՝ ի լրումն լոգիստիկ և ապահովագրական մասնագետների, ովքեր կյանք են տալիս հարուստ մշակութային ծրագրին: Ցուցահանդեսի կազմակերպիչը Shaula International ՍՊԸ-ն է: Միջոցառումը հովանավորում են Կանադայի կառավարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Իտալիայի մշակութային ժառանգության և միջոցառումների նախարարությունը, ծրագրի մշակութային գովազդն իրականացվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության Vivere all’Italiana նախաձեռնության և Հայաստանում Իտալիայի դեսպանության կողմից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայկական զբոսաշրջային գործակալության, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |