9 սեպտեմբերի 2002 - 19:17 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Պաշտոնական Երեւանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկություններ չի ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջիկա այցը հակամարտության տարածաշրջան: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների օգոստոսյան հանդիպումից հետո սահմանմերձ Սադարակ գյուղում միջնորդները անհրաժեշտ համարեցին վերստին այցելել տարածաշրջան, այդ թվում` Լեռնային Ղարաբաղ` կողմերի դիրքորոշումները համեմատելու եւ իրենց հետագա քայլերը մշակելու նպատակով: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների հերթական այցը ղարաբաղյան հակամարտության գոտի կկայանա սեպտեմբերի 22-24-ը: