Փաշինյան. Անընդունելի է, երբ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը դառնում է կենսաբանական սպառնալիք

Փաշինյան. Անընդունելի է, երբ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը դառնում է կենսաբանական սպառնալիք

PanARMENIAN.Net - 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի: Այդ մասին «Փարիզի խաղաղության համաժողովում» հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դեռևս աշխարհում ժողովրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ մոտեցումն ընտրովի է:

«Փարիզի խաղաղության համաժողովն» անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Մենք այստեղ ենք հավաքվել` նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը: Սա բացառիկ նշանակություն ունեցող միջոցառում է, որ կոչված է ոգեկոչելու մեր հավաքական հիշողությունը և արտահայտելու խաղաղության մեր ընդհանուր ուղերձը:Այսօր մենք` որպես այդ պատերազմի մասնակից ազգերի առաջնորդներ, առաջին հերթին պետք է խոսենք Առաջին համաշխարհային պատերազմի դասերի մասին:

Երբ մի պետություն պատերազմ է մղում կամ փորձում է իր խնդիրները լուծել ռազմական ճանապարհով, ուրեմն նա հավատում է իր ուժերին և հաղթանակին: Այդուհանդերձ, Առաջին համաշխարհային պատերազմը համամոլորակային ողբերգություն էր դրանում ներգրավված բոլոր ժողովուրդների համար, և ի վերջո հանգեցրեց այն հղացած պետությունների քայքայմանը:

Կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական և ռազմական տեսանկյունից պատերազմներում միշտ լինում են հաղթողներ և պարտվողներ: Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում: Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ»,-ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ չնայած միասնական ջանքերին և նախորդ սխալներից սովորելու կոչերին, այդ դասերը հեշտությամբ մոռացվում են: Թեև հարյուր տարի առաջ մարդկությունը հասկացավ զանգվածային ոչնչացման զենքն արգելելու անհրաժեշտությունը, ցավոք, դա չխոչընդոտեց նոր զինատեսակների ստեղծմանը:

Նա հիշեցրել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի տերություններն առաջին անգամ գործածեցին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն» սահմանումը` այսպիսով դատապարտելով Օսմանյան իշխանություններին 1,5 միլիոն հայերի ոչնչացման համար: Հետագայում այդ ահավոր հանցագործությունը պետք է կոչվեր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

«Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի տասնամյակ անց մարդկությունն ականատեսը եղավ Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանություններին, քրիստոնյաների և եզդիների ցեղասպանություններին Մերձավոր Արևելքում, Ռոհինջա ժողովրդի դեմ գործադրված բռնություններին:Պատերազմի դասերից էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ձևակերպումը Վիլսոնյան հայտնի 14 կետերում: Այնուհետև այն ընդգրկվեց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում և հիմք դարձավ ժամանակակից երկրների շուրջ կեսի անկախության համար:

Առաջին աշխարհամարտի արդյունքում աշխարհի ժողովուրդներն օրենքի ուժով հաստատեցին ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց իրավունքը: Այստեղ` Ֆրանսիայում, հարկ եմ համարում ընդգծել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիան հստակորեն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարավորություն ստացավ հանրաքվե անցկացնել: Ցավոք, այդ իրավունքի նկատմամբ մոտեցումն ընտրովի է:Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամյակներ շարունակվող պայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար, դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի»,-ասել է նա:

Նա նշել է, որ առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծվել է Ազգերի լիգան՝ ՄԱԿ-ի նախատիպը, որի վերջնական նպատակը խաղաղության հաստատումն էր:

«Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում ծայրահեղականության դրսևորումներն ահագնանում են: Վերոհիշյալ հաստատությունների նպատակն առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությունն է: Այդուհանդերձ, այսօր մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում մարդու հիմնարար իրավունքի` կյանքի իրավունքի ոտնահարման դեպքերի:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո շատերը կարծում էին, որ դա կլինի վերջին պատերազմը: Սակայն շուտով հետևեց Երկրորդ աշխարհամարտը: Սկսվեց պատերազմի և սպառազինությունների մրցավազքի նոր փուլ: Ցավոք, առայսօր դրա վերջը չի տրվել: Ավելին, գնալով այն ավելի է խորանում:

Ահա թե ինչու եմ կարևորում այսպիսի հանդիպումները: Նրանք մեզ հնարավորություն են տալիս խորհելու մեր ընդհանուր անցյալի, մարդկության պատմության մասին: Անշուշտ, մենք չենք կարող փոխել պատմությունը, և դրա կարիքն էլ չկա: Բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա:

Այդ իսկ պատճառով մենք պետք է հիշենք Առաջին աշխարհամարտի կարևորագույն դասը: Որևէ պետություն չի կարող իր հաջողությունը կառուցել ուրիշների թշվառության վրա, ոչ ոք չի կարող ազատություն ձեռք բերել ուրիշների ստրկության հաշվին:

Առաջին համաշխարհային պատերազմին վերջ տրվեց հարյուր տարի առաջ: Եվ սա հիանալի առիթ է մտածելու պատերազմներից զերծ խաղաղության դարաշրջանի մասին»,-ասել է նա:

Նա նշել է, որ հավատում է, որ Փարիզում հավաքված առաջնորդները կկարողանան հասնել այդ նպատակին: Եվ դա կլինի հարգանքի լավագույն տուրքը՝ մատուցված նախորդ դարի անմեղ զոհերին:

Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական գիրք է հանձնել «Խաղաղության գրադարանին»` պատմաբան Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը: «Փարիզի խաղաղության համաժողովի» քննարկման թեմաներն են՝ խաղաղություն և անվտանգություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, զարգացում և ներառական տնտեսություն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---