23 հունիսի 2008 - 15:06 AMT
Ջոզեֆ Փենինգտոնը հուսով է, որ ԱՄՆ-ի Սենատը հավանություն կտա Մարի Յովանովիչի թեկնածությանը` ՀՀ-ում դեսպանի պաշտոնի համար
«Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակումը կարեւոր իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար: Այն կարեւոր դեր է կատարում է հայ-ամերիկյան հարաբերություններում եւ ԱՄՆ դեսպանությունը հուսով է, որ դեսպանը շուտով կնշանակվի»,-այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա» բացման ընթացքում: Ըստ ամերիկացի դիվանագետի, դեսպանի նշանակումը ժողովրդավարական գործընթաց է: «Լսումների ժամանակ Մարի Յովանովիչին բազում հարցեր են տրվել եւ դա միանգամայն բնական է: Այդ գործընթացը կշարունակվի, քանի դեռ Սենատը չի տվել իր վերջնական պատասխանը»,-նշել է Փենինգտոնը: «Մենք հուսով ենք, որ Սենատը կհաստատի Մ.Յովանովիչի թեկնածությունը եւ նա շուտով կժամանի Հայաստան»,-ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում կայացել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի նշանակման վերաբերյալ լսումների: Լսումների ժամանակ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը երկու անգամ վետո էր դրել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, մանրամասն հարցաքննում էր Յովանովիչին այս պատմական փաստի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին, ներկայացնելով Ցեղասպանության շրջանի` 1915թ. Պետդեպարտամենտի պատմական փաստաթղթեր, համեմատելով դրանք նրա հայտարարությունների հետ:

«ԱՄՆ կառավարությունն ու ես ճանաչում ենք Օսմանյան կայրսությունում մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ բռնագաղթի փաստը: ԱՄՆ-ն ճանաչում է այդ իրադարձությունները որպես 20 դարի մեծագույն ողբերգություն, «Մեծ Եղեռն» կամ Մեծ աղետ, ինչպես դա անվանում են շատ հայեր: Հենց այդ պատճառով է, որ երկրի նախագահը ամեն տարի ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում եւ համերաշխությունն է հայտնում հայերին Հիշատակի այդ օրը»,-հայտարարել է լսումներում Մ.Յովանովիչը:

«Նախագահ Բուշի քաղաքականությունը կայանում է նրանում, որ չօգտագործվի «Ցեղասպանություն» տերմինը: Նախագահի քաղաքականությունն ուղղված է նրան, որ Թուրքիայի քաղաքացիները հաշտվեն իրենց անցյալի ու հայերի հետ: Նա փորձում է աջակցություն գտնել այդ հարցում առաջընթացի հասնելու համար: Նախագահ Բուշը հավատում է, որ զոհերին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձեւը հետեւյալն է` հիշել անցյալը, անել ամեն ինչ, որ այն չկրկնվի, եւ նայել դեպի ապագան, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդներն ու կառավարությունները հասկանան եւ հաշտվեն միմյանց հետ: Գլխավոր նվաճումը կլինի Հայաստանի մեկուսացման վերացումը տարածաշրջանում, հարաբերությունների նորմալացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ սահմանների բացումը»,-ասել է Յովանովիչը: