27 հունիսի 2008 - 13:50 AMT
Երեւանում կայացան Հայաստանի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները
Հայ-շվեյցարական բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ Հայաստանի ու Շվեյցարիայի համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Այդ մասին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշելին Կալմի Ռեյի հետ Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանի եւ Շվեյցարիայի դիրքորոշումները հիմնականում համընկնում են: «Մենք նախանշեցինք երկկողմ հարաբերությունների ակտիվացման կոնկրետ ուղիներ, վիզային ռեժիմը դյուրացնելու անհրաժշետությունը, ինչպես նաեւ քննարկեցինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները»,-ասել է Նալբանդյանը:
Իր հերթին, Միշելին Կալմի Ռեյը ասել է, որ բանակցություններն անցան կառուցողական մթնոլորտում: «Հայաստանը գտնվում է դեպի Եվրոպա էներգակիրների ուղիների խաչմերուկում, Շվեյցարիայում կա մեծ հայ համայնք, մենք շատ բան ունեինք խոսելու»,-նշել է նա: